ՀՀ կառավարությունն առաջիկայում կհայտարարի կարկուտից տուժած գյուղացիներին օժանդակելու ծրագրի մասին

Հայաստանի կառավարությունն առաջիկայում կհայտարարի օրերս տեղի ունեցած կարկուտից տուժած գյուղացիներին օժանդակելու մասին: Ազգային ժողովում ՀՀ կառավարության քննարկման ժամանակ այս մասին ասաց ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը՝ պատասխանելով ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սեյրան Սարոյանի հարցին: «Երեկ այդ հարցով եղել է խորհրդակցություն, և առաջիկա օրերին մենք կհայտարարենք այն օժանդակությունը, որը տրվելու է կարկուտից տուժած գյուղացիներին: Մենք խոսել ենք Կենտրոնական բանկի հետ, և, կարծում եմ, որ այն առաջարկությունը, որն անելու ենք, ընդունելի կլինի մեր քաղաքացիների համար»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ընդգծեց Կարեն Կարապետյանը:

Վարչապետը նաև հավելեց, որ կառավարությունը պիլոտային ծրագիր է իրականացնում, որպեսզի հակակարտային համակարգը դարձնի հրթիռային, ինչի օգտակարությունը շատ բարձր է: «Պիլոտային ծրագիր ենք իրականացնում, և եթե արդյունավետ լինի, ապա մենք հաշվարկել ենք, որ ռիսկային գոտիները փակելու համար անհրաժեշտ է լինելու 12 միլիոն դոլարի ներդրում: Մենք կարծում ենք, որ դրանով ռիսկերը կհասցնենք նվազագույնի»,- ընդգծեց վարչապետը:

Կարեն Կարապետյանն ասաց, որ գյուղատնտեսության ոլորտում ցանկանում են անցում կատարել ցանցային համակարգին, որը նույնպես կլինի արդյունավետ: Նրա խոսքով՝ ցանցային համակարգի անցնող գյուղացու վարկային տոկոսների մեծ մասը կֆինանսավորի կառավարությունը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում