Անկախ վարչապետի անձից՝ գործ եք ունենալու քաղաքական իշխանությունների հետ. Շարմազանովն արձագանքեց «Ելք»-ի մտահոգություններին

ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն արձագանքել է «Ելք» խմբակցության պատգամավորների մտահոգություններին, թե 2018 թ. ով է զբաղեցնելու ՀՀ վարչապետի պաշտոնը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ազգային ժողովում կառավարության ծրագրի քննարկման ժամանակ Շարմազանովը հիշեցրեց, որ 2018 թ. ՀՀ-ն լիովին կանցնի կառավարման խորհրդարանական համակարգի: «Մենք այլևս խորհրդարանական հանրապետություն ենք, իսկ ընտրություններին ժողովուրդը վստահության քվեն տվել է քաղաքական կոալիցիոն ուժերին՝ ՀՀԿ-ին՝ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ ու ՀՅԴ-ին: Հետևաբար, անկախ 2018-ին վարչապետի անձից՝ գործ պետք է ունենաք քաղաքական իշխանության՝ ՀՀԿ-ի ու ՀՅԴ-ի հետ, մեր պարագայում գործ պիտի ունենաք ՀՀԿ-ի հետ՝ նախագահ Սարգսյանի գլխավորությամբ»,-նշեց Շարմազանովը:

Ազգային ժողովում կառավարության ծրագրի քննարկման ժամանակ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին 2018 թ. ՀՀ վարչապետի պաշտոնում աշխատանքը շարունակելու վերաբերյալ հարց ուղղեցին «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը և նույն խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը: Վարչապետի պաշտոնում աշխատանքը 2018 թ. հետո շարունակելու վերաբերյալ Էդմոն Մարուքյանի հարցին ի պատասխան վարչապետն ընդգծեց, որ նրա հարցին ինչ-որ առումով պատասխանում է այն, որ իրենք կառավարության ծրագիրը ֆիքսել են 2017-2022 թվականների համար: Իսկ Նիկոլ Փաշինյանի դիտարկմանը, թե ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ կառավարման խորհրդարանական համակարգի անցնելու պարագայում չի հավակնելու վարչապետի պաշտոնին, բայց ՀՀԿ-ականները նրան համոզում են 2018թ. ստանձնել վարչապետի պաշտոնը, Կարեն Կարապետյանը պատասխանել է. «Ես պատրաստ եմ զբաղեցնել վարչապետի պաշտոնը, իսկ համոզողների թվում ես չկամ»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում