Լրագրողների մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու բոլոր դեպքերը ՀՀ ՄԻՊ- ի ուշադրության կենտրոնում են

Լրագրողների օրինական մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու բոլոր դեպքերը գտնվում են ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի ուշադրության կենտրոնում: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը նշեց ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի քրեական արդարադատության ոլորտում և զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության դեպարտամենտի ղեկավար Հրաչյա Պալյանը:

«Բոլոր նման գործերին Մարդու իրավունքների պաշտպանը հետևում է: Բազմիցս Մարդու իրավունքների պաշտպանը հայտարարությամբ է հանդես եկել` դատապարտելով լրագրողների մասնագիտական գործունեության խոչընդոտումը, նրանց նկատմամբ բռնությունները: Մեր լիազորությունների շրջանակում մենք նման դեպքերի ժամանակ տվյալներ ենք հավաքագրում, ուղարկում համապատասխան մարմիններին և հետևողական լինում ընթացքին: Հուլիսյան դեպքերի ժամանակ (2016թ. հուլիսի 17-ին մի խումբ զինված անձինք գրավեցին Ոստիկանության ՊՊԾ գունդը, որին հաջորդող օրերին տեղի ունեցած անկարգությունների ժամանակ բռնություններ կիրառվեցին նաև լրագրողների նկատմամբ-խմբ.) Մարդու իրավունքների պաշտպանը հստակ գնահատական է տվել, լրագրողների նկատմամբ սպառնալիքներին նրանց լրատվական նյութերը ոչնչացնելուն»,- ասաց Հրաչյա Պապյանը:

Փաստաբան Արա Ղազարյանը նկատեց, որ լրագրողների մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու հետ կապված գործի քննչական մասը դանդաղ է ընթանում: Դեպքերի վերաբերյալ բազմաթիվ քրեական գործեր են հարուցվել, սակայն դրանցից մի քանիսն են հասել դատարան: Փաստաբանը նշեց, որ այստեղ չենք կարող մեղադրել դատարաններին, որովհետև գործը չի հասնում դատարան: Այստեղ թիրախը նախաքննական մարմիններն են:

Արա Ղազարյանը նաև նշեց, որ ոչ բոլոր դեպքերում են տուժած լրագրողները գործը մինչև վերջ տանում: Շատերը կեսից հետ են կանգնում: «Եթե լրագրողական համայնքում լիներ արհմիություն, ապա պատկերն այլ կլիներ: Այդ կառույցը համակարգված կաշխատեր, տուժած լրագրողների իրավունքների հետ կապված»,-հավելեց Արա Ղազարյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում