ՀՀ կառավարության քայլերը համապատասխանում են թրաֆիքինգն արմատախիլ անելու չափորոշիչներին. Պետդեպի զեկույցը

Հայաստանի կառավարության ձեռնարկած քայլերը լիարժեքորեն համապատասխանում են թրաֆիքինգն արմատախիլ անելու նվազագույն չափորոշիչներին: Այս մասին ասվում է Միացյալ Նահանգների պետդեպարտամենտի կողմից հրապարակված «Մարդկանց թրաֆիքինգ-2017» զեկույցում:

«Զեկույցի կազմման ժամանակահատվածում Հայաստանի կառավարությունը շարունակել է ցուցաբերել լուրջ ու մշտական ջանքեր, ինչի շնորհիվ նույնականացվել են ավելի շատ տուժածներ, ընդունվել է ազգային գործողության ծրագիր, հիմնվել են հիմնադրամներ թրաֆիքինգի զոհերի փոխհատուցման համար»,– նշվում է զեկույցում:

Հայկական կողմը նույնականացրել է թրաֆիքինգի 22 տուժածի՝ ի տարբերություն 2015 թվականին նույնականացված 9-ի: Նրանցից 19-ը կատարել են պարտադրված աշխատանք, իսկ երեքը ենթարկվել են սեռական շահագործման:

Զեկույցում նշվում է, որ կառավարությունը ավելացրել է թրաֆիքինգի կանխմանն ուղղված ջանքերը, զարգացրել և ընդունել է 2016-2018 թվականների ազգային գործողությունների ծրագիր՝ համագործակցելով պետական մարմինների, հասարակական և միջազգային կազմակերպությունների հետ: Ոստիկանությունը թրաֆիքինգի մասին իրազեկվածության բարձրացմանն ուղղված քննարկումներ է իրականացրել դպրոցներում, սփյուռքի նախարարությունը տեղեկատվական նյութեր է տրամադրել: Առողջապահության և կրթության ու գիտության նախարարությունները համատեղ արշավներ են իրականացրել, որոնք ուղղված են եղել ուսանողների և ուսուցիչների շրջանում իրազեկվածության բարձրացմանը: Սպորտի և երիտասարդության նախարարությունն էլ միացել է արշավին ավելի խոցելի բնակչության շրջանում:

Հայաստանի համար երաշխավորությունների բաժնում Պետդեպարտամենտը նշում է, որ պետք է աշխատել Ռուսաստանի իշխանությունների հետ՝ գտնելու հարկադիր աշխատանքից տուժողներին և պատասխանատվության ենթարկելու աշխատանքային թրաֆիքինգով զբաղվողներին: Հասարակական կազմակերպությունների հետ գործակցությունը հնարավորություն կտա նույնականացնելու Թուրքիայում թրաֆիքինգի ենթարկված հայերին և աջակցություն ցույց տալու նրանց:

Հետևեք մեզ նաև Telegram-ում