Վթար Վայք-Եղեգնաձոր ճանապարհին. 2 մարդ մահացել է, տուժածներից 7-ն Իրանի քաղաքացիներ են

Վայք-Եղեգնաձոր ավտոճանապարհին՝ Վայոց ձորի մարզի Մալիշկա գյուղի մոտակայքում այսօր առավոտյան տեղի ունեցած վթարից հետո տասը մարդ տեղափոխվել է «Եղեգնաձորի հիվանդանոց, որից երկուսը մահացել են:

Այս մասին Tert.am-ին հայտնեցին Եղեգնաձորի բժշկական կենտրոնից.«Տասը հոգի տեղափոխվել է հիվանդանոց, որոնցից երկուսը մահացել են: Քաղաքացիներից մեկի մահը գրանցվել է հիվանդանոցի ճանապարհին, մյուսը մահացել է հիվանդանոց տեղափոխվելուց անմիջապես հետո: Ութ քաղաքացիներն այս պահին հետազոտվում են: Նրանցից մեկն ազգությամբ հայ է և եղել է մեքենայի վարորդը, մյուսներն Իրանի իսլամական հանրապետության քաղաքացիներ են»:

Հիվանդանոցից հայտնեցին, որ ութ տուժածներից ամենածանրը վարորդի վիճակն է: Ինչ վերաբերում է մահացած երկու քաղաքացիներին, հիվանդանոցից հայտնեցին.«Նրանք Վայքի բնակիչներ են»:

Մյուս տեղափոխվածներից երկուսի մոտ ուսի վնասվածք է,մյուսները թեթև վնասվածքներ ունեն: Տուժածներից 2-ը Վայքի ԲԿ-ից տեղափոխվում են Երևան:

Ըստ Ոստիկանության մամուլի ծառայության՝ հուլիսի 1-ին, ժամը 07.25-ի սահմաններում, Երևան-Մեղրի ավտոճանապարհի 130.7 կմ հատվածում՝ Մալիշկա գյուղի վարչական տարածքում, իրար են բախվել «Օպել» և «Նիսան» մակնիշի ավտոմեքենաներ: Պատահարի հետևանքով «Օպել»-ի ուղևորներ՝ 1960 թ. ծնված Արուհի Հարությունյանը և 1984 թ. ծնված Կարինե Պողոսյանը տեղում մահացել են, իսկ վարորդները և 4 ուղևորներ մարմնական վնասվածքներով տեղափոխվել հիվանդանոց: Կատարվում է քննություն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում