Կառավարությունը հավանություն տվեց ԿԲ 2017 թ. դրամավարկային քաղաքականության ծրագրին

Կառավարությունը հավանություն տվեց ՀՀ կենտրոնական բանկի 2017 թվականի դրամավարկային քաղաքականության ծրագրին, որի մակրոտնտեսական միջավայրի զարգացումների գնահատականները, ընդհանուր առմամբ, համահունչ են կառավարության մակրոտնտեսական ծրագրերով նախատեսվող ուղղություններին: Այդ մասին կառավարության նիստում նշեց ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը:

Ծրագրով գնահատվում է, որ իրականացված դրամավարկային քաղաքականությունը բավարար խթաններ է ստեղծել 2017թ. գնանկումային միջավայրի չեզոքացման և կանխատեսվող հորիզոնում գնաճի նպատակի իրագործման համար: Միևնույն ժամանակ, ծրագրում կանխատեսված ցուցանիշից շեղման ռիսկերը թե´ կարճաժամկետ, թե´ միջնաժամկետ հատվածներում գնահատվում են նվազման ուղղությամբ, որոնց դրսևորման պարագայում, համաձայն ծրագրի, ԿԲ-ն համարժեքորեն կարձագանքի` միջնաժամկետ հատվածում ապահովելով գնաճի նպատակային մակարդակը:

«Անհրաժեշտ ենք համարում նշել, որ կառավարությունը, կարևորելով մակրոտնտեսական արդյունավետ քաղաքականության իրականացումը, հարկաբյուջետային կարճաժամկետ և միջնաժամկետ ծրագրերում նպատակադրում է ՀՀ ԿԲ-ի կողմից ընդունված գնաճի երկարաժամկետ կայուն՝ 4±1.5 տոկոս ցուցանիշը, որը երկարաժամկետ հատվածում կկայունացնի նաև գնաճային սպասումները: Մեր եզրակացությամբ, ԿԲ-ն ապագայում պետք է ջանքեր գործադրի, որպեսզի գնաճը վերադառնա իր թիրախային կետին, ԿԲ-ի կանխատեսմամբ՝ այս տարեվերջին կլինենք ներքին սահմանագծի թիրախին: Ծրագրով պետք է պահպանվի ճկուն փոխարժեքի ռեժիմը, քիչ միջամտություն իրականացվի այդ ուղղությամբ, ջանքեր գործադրվի կապիտալի շուկայի, ապադոլարացման քաղաքականության ուղղությամբ»,- ասաց Արամյանը:

Միաժամանակ, նախարարն ասաց, որ կառավարությունն ավելի բարձր տնտեսական աճի տեմպեր է նախատեսում, քան ԿԲ-ն: Վերջինս կանխատեսում է միջինը 3,2-4,5 տոկոս աճ, իսկ միջնաժամկետ ծախսային ծրագրով կառավարությունն ակնկալում է 4,7-5,6 տոկոս աճ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում