«Հրապարակ». Ալեքսանդր Արզումանյանը միանգամից 3 երկրում ՀՀ դեսպան կնշանակվի

«Հրապարակ»-ի տեղեկություններով՝ մոտ օրերս կհրապարակվի նախկին պատգամավոր, ԱԳ նախկին նախարար Ալեքսանդր Արզումանյանի՝ դեսպան նշանակվելու հրամանագիրը․ ագրեմանն արդեն ստացվել է։ Նա միանգամից 3 երկրում կկատարի ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պարտականությունները՝ Դանիա, Նորվեգիա, Իսլանդիա:

Թերթի հարցին ի պատասխան, Արզումանյանն ասել է․ «Վերջին 5 տարիների ընթացքում բազմաթիվ նման բաներ ես թերթերից կարդացել եմ, տարբեր երկրներ՝ Ճապոնիա, այլ երկրներ։ Հասկանո՞ւմ եք, Հայաստանում ձևավորվել է մի բան, որ մի թերթը գրում է, մյուսը մեկնաբանում է, երրորդը․․․ կլինեն ինչ-որ նման զարգացումներ՝ հավանաբար, ես էլ, Դուք էլ կիմանանք այդ մասին»։

«Նա թեև ժամանակին եղել է ՄԱԿ-ում, Հյուսիսային Ամերիկայում ՀՀ մշտական ներկայացուցիչ, ԱՄՆ-ում ՀՀ դեսպան, 1996-1998 թթ․՝ ՀՀ արտգործնախարար, սակայն ժամանակին նաև «ցախավելների» հեղափոխություն էր անում՝ իշխանափոխության հասնելու համար, Լևոն Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբի պետն էր՝ ընտրությունների փուլում, ապա՝ 2007-ին, մեղադրվեց փողերի լվացման մեջ, հայտնվեց բանտում, իսկ ավելի ուշ «Ազատ դեմոկրատների» հետ մտավ «Ժառանգության» ցուցակ և հայտնվեց խորհրդարանում։

Հիշեցնենք, որ Դանիայում և Նորվեգիայում ՀՀ դեսպանը գործարար Հրաչյա Աղաջանյանն էր, ով այդ պաշտոնին էր 2011-ից։ Նրա օրոք է ՀՀ դեսպանությունը բացվել Կոպենհագենում: Նրա ընտանիքը կրթամշակութային ծրագիր է իրականացնում Սևանի ավազանում»,-հավելել է թերթը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում