Լարիսա Ալավերդյանը հորդորում է ավելի ակտիվ աշխատանք տանել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ

Հայաստանը պետք է ավելի ակտիվ աշխատանք տանի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ: Լրագրողների հետ զրույցում նման համոզմունք հայտնեց «Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ գործադիր տնօրեն, ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Լարիսա Ալավերդյանը:

«Պետք է հստակեցնել, որ կարելի է վերջապես հանդես գալ առաջարկություններով, որոնց հիմնական թեզը նախեւառաջ պետք է լինի Ադրբեջանին խաղաղություն պարտադրելը, իսկ դրա համար կան բազմաթիվ միջոցներ, որոնք փորձարկված

են միջազգային հարաբերություններում եւ ատյաններում: Չկա մի այլ բախում, որի կարգավորմամբ զբաղվեր այդքան բարձր կարգավիճակ ունեցող խումբ, ինչպիսին է Մինսկի խումբը, մասնավորապես՝ համանախագահները: Ահռելի չարված աշխատանք կա, եւ ես հորդորում եմ մեր իշխանություններին, որ կարողանան այստեղ ավելի ակտիվ լինել»,-ասաց Լարիսա Ալավերդյանը՝ ընդգծելով, որ բացի այդ՝ հայկական կողմը պետք է դիմի ՄԱԿ-ի մարդու իրավունքների հանձնաժողովին և միջազգային այլ իրավապահ մարմիններին՝ բարձրացնելով սահմանամերձ հայ ազգաբնակչության կյանքի իրավունքի հարցը, որը խախտվում է Ադրբեջանի կողմից:

Լարիսա Ալավերդյանը նշեց, որ սա տեղեկատվական պատերազմ է՝ իր բոլոր դրսևորումներով, սակայն այստեղ դեռեւս չի մշակվել մի հստակ հայեցակարգ, թե ինչպես կարելի է դիմակայել դրան: Մասնավորապես, օրերս մանկահասակ ադրբեջանցի երեխայի մահվան հանգամանքը նման կերպ տարածելը Լարիսա Ալավերդյանը համարում է սադրանք և պատրաստված սցենար:

Անդրադառնալով առաջիկայում Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպմանը՝ նա նշեց, որ դեռեւս ակնկալիքներ չունի:

Հետևեք մեզ նաև Telegram-ում