Արցախում Համահայկական ուսանողական բանակումի մասնակից 160 ուսանողները մեկ շաբաթ ապրել են զինվորական առօրյայով

Արդեն 4-րդ անգամ տեղի է ունեցել ավանդույթ դարձած ուսանողական բանակումը:

Ի տարբերություն նախորդների, այն համախմբել էր ՀՀ այլ բուհերի, ինչպես նաև Արցախի ու Ջավախքի ուսանողներին: Համահայկական ուսանողական ռազմական բանակումի՝ Արցախի 9 պաշտպանական շրջանները խորհրդանշող ջոկատները, մեկ շաբաթ իրենց ուժերն են փորձել ինտելեկտուալ, մշակութային ու մարզական մրցույթներում, մասնակցել են ռազմագիտական պարապմունքների ու դասախոսությունների: Արցախում ուսանողների առավոտը սկսվում էր մարմնամարզությամբ և ավարտվում՝ անվանականչով:

Ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնի տնօրեն Վահագն Վարագյանի խոսքով՝ ծրագիրն ուներ երկու կարևոր նշանակություն. «Մասնակիցները լինելով զորամասում, անցել են մարտական պատրաստվածություն և երկրորդ՝ ապրելով զինվորական առօրյայով՝ հասկացել են, թե մեր զինվորները մեր հայրենիքի պաշտպանության համար ինչպիսի ջանքեր են ներդնում»:

Առաջին օրը ուսանողներն այցելեցին Հադրութի շրջանի զորամասերից մեկը, որտեղ 9 ջոկերն իրենց ուժերը փորձեցին պարանի ձգում և ծանրաձողի հրում վարժություններում: Առավելագույն արդյունք գրանցեց ու հաղթող ճանաչվեց 1-ին ջոկատը: Սա նրանց միակ այցը չէր դեպի զորամաս: Հաջորդ օրերին նրանք ևս եղան այնտեղ, ծանոթացան զինատեսակների հետ, սովորեցին մարտավարական հնարքներ, մասնակցեցին կրակային պատրաստության պարապմունքների:

Ուսանողական ռազմական բանակումի շրջանակներում տեղի ունեցան նաև մի շարք դասախոսություններ տարբեր թեմաներով: Արցախի Հանրապետության նախագահի խորհրդական, անվտանգության հարցերով փորձագետ Տիգրան Աբրահամյանը ուսանողների հետ խոսեց տարածաշրջանի ռազմաքաղաքական հիմնախնդիրների մասին:

Ապրիլյան պատերազմի մասին ուսանողներին հետաքրքրող հարցերին պատասխանեց գեներալ-լեյտենանտ Արթուր Աղաբեկյանը:

Հաջորդ հանդիպումը ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի, Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի հրամանատար Լյովա Մնացականյանի, ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Ալեքսան Հարությունյանի հետ էր:

Հարց ու պատասխանի ձևաչափով ուսանողները նախարարին ուղղեցին իրենց ռազմաքաղաքականության և պաշտպանության բնագավառներին, ինչպես նաև զինվորական առօրյային առնչվող տարաբնույթ հարցեր, հանդես եկան ծրագրային առաջարկություններով:

ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանն անդրադարձավ ազգ-բանակ հայեցակարգի շրջանակում ԵՊՀ-ի կողմից իրականացվող բազմաբնույթ ծրագրերին՝ կարևորելով դրանց շարունակականության անհրաժեշտությունը. «Ուսանողները, ամեն անգամ լինելով Արցախում, մասնակցելով ծրագրի շրջանակում կազմակերպվող միջոցառումներին, վերափոխված են վերադառնում համալսարան և դառնում հայրենիքի զինվոր լինելու գաղափարի կրողը»:

ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն իր խոսքում կարևորեց նմանօրինակ նախագծերի անցկացումը և վստահեցրեց, որ ՀՀ ՊՆ-ն աջակցելու է, որ բանակումը շարունակական և ավելի ընդգրկուն դառնա: Նախարարը արժևորեց նաև ժամկետային զինվորական ծառայության փորձ ունեցող և իրենց փայլուն ծառայությամբ աչքի ընկած ուսանողների մասնակցությունը ծրագրին. «Շատ ուրախ եմ, որ ԵՊՀ-ն համահայկական ուսանողական ռազմական բանակում նախագիծ է իրականացնում: Ոգևորիչ է, երբ բանակ զորակոչվող համալսարանականը հստակ պատկերացնում է, թե իր առջև ինչ խնդիրներ են դրված»:

Արցախում համահայկական ուսանողական ռազմական բանակումի մասնակիցները եղան նաև մի շարք սրբավայրերում: Տեսան ամենահին, բայց մինչ օրս կանգուն մնացած կառույցներից մեկը՝ Ամարաս վանական համալիրը: Այնուհետև հնարավորություն ունեցան տեսնելու 2033 տարեկան հայտնի Տնջրի ծառը: Նրանք եղան Մելիք-Եգանյանների ապարանքում: Իսկ ամենասպասված արշավը ուխտագնացությունն էր դեպի Դիզափայտ լեռան գագաթին գտնվող Սուրբ Կատարո վանք:

Բանակումը եզրափակվեց ավանդույթ դարձած խարույկով, որի շուրջ մինչ լուսաբաց ուսանողները կատարեցին տարբեր ազգագրական երգեր ու պարեցին այս օրերի ընթացքում սովորած պարերը:

Ծրագրի ավարտին մասնակիցները ստացան հավաստագրեր, իսկ առավել աչքի ընկած անդամներին շնորհվեց «Բանակումի գերազանցիկ» կրծքանշանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում