Ստեփանակերտում Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ շարունակվում է «Ազատամարտիկների այգու» կառուցումը

Պաշտոնական այցով Արցախում գտնվող Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանի և Արցախի ազատամարտիկների միության նախագահ, գեներալ-մայոր Սամվել Կարապետյանի ուղեկցությամբ այցելել է «Ազատամարտիկների այգի», ծանոթացել շուրջ 2 հա զբաղեցնող հանգստի գոտու կառուցման աշխատանքների ընթացքին: Այգին կառուցվում է Երևանի և Ստեփանակերտի քաղաքապետարանների միջև հաստատված համագործակցության ծրագրի շրջանակում: Նախագծերի վրա Երևանի քաղաքապետին ներկայացնելով ծրագրի մանրամասները՝ պատասխանատուները նշել են, որ այգու ձևավորումը կառանձնանա ճարտարապետական և տեղանքի ինքնատիպ լուծումներով, շատրվանային համալիրներով ու ծառուղիներով: Կկառուցվի նաև ամֆիթատրոն՝ ներկայացումներ և միջոցառումներ կազմակերպելու համար: Միաժամանակ, այգու տարածքով կապահովվի հետիոտնի կապը Ստեփանակերտի Թումանյան փողոցից դեպի դպրոց, մարզադաշտ և հրապարակ: Այս մասին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Առանձնակի կարևորելով «Ազատամարտիկների այգու» կառուցումը` պատասխանատուները շնորհակալություն են հայտնել Երևանի քաղաքապետին նախաձեռնության ու ծրագիրը հետևողականորեն կյանքի կոչելու համար՝ նկատելով, որ հանգստի այս գոտին կդառնա հայկական երկու մայրաքաղաքների միջև ձևավորված արդյունավետ համագործակցության հերթական խորհրդանիշներից մեկը: Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանն էլ համոզմունք է հայտնել, որ այգին հարմարավետ ու սիրված հանգստի վայր կդառնա ինչպես Ստեփանակերտի բնակիչների, այնպես էլ Արցախի մայրաքաղաքի հյուրերի համար:

Հետևեք մեզ նաև Telegram-ում