Սևանա լճի ափին կազմակերպվելու է «Սևան Ստարտափ Սամմիթ 2017» ամենամյա բիզնես ֆորումը

Սևանա լճի ափին երկրորդ տարին անընդմեջ հուլիսի 24-ից 31-ը կազմակերպվելու է «Սևան Ստարտափ Սամմիթ 2017» ամենամյա բիզնես ֆորումը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` աշխարհի 10-ից ավել երկրներից հրավիրված ավելի քան 100 ստարտափ թիմեր, ծրագրավորողներ, ներդրողներ, բիզնես թրեյներներ, մենթորներ 7 օր շարունակ կլինեն մրցույթներով, քննարկումներով և նոր բացահայտումներով հագեցած բիզնես միջավայրում: Միջոցառումը կազմակերպվում է «Ստարտափ Արմենիա» հիմնադրամի կողմից, իսկ որպես գլխավոր գործընկեր նախաձեռնությանն է միացել Ամերիաբանկը:

Այս տարվա բիզնես ֆորումն ունի բազմաթիվ նորարարություններ և ծրագրեր, որոնք չէին եղել անցյալ տարի, այդ թվում` առաջին անգամ Հայաստանում կանցկացվի Camp Fire Pitch ձևաչափով միջոցառումը, որի ընթացքում ստարտափները կներկայացնեն իրենց ծրագրերը Հայաստանից և արտասահմանից հրավիրված ներդնողներին:

«Ստարտափ Արմենիա» հիմնադրամի հիմնադիր Հակոբ Հակոբյանը նշեց, որ կատարվել են մեծածավալ աշխատանքներ և պատրաստ են ընդունել հազարից ավել մասնակիցների:

«Բիզնես ֆորումում կլինի 7 հիմնական մրցույթ, 100-ից ավել ստարտափ թիմեր, 1500-ից ավելի կամավորականներ: Ամերիաբանկը կտրամադրի Big Batlle՝ գլխավոր մրցույթի մրցանակը, որը կարող է դառնալ ստարտափի զարգացման մեծ խթան»,– ընդգծեց Հակոբյանը:

Ամերիաբանկի Տեխնոլոգիաների և գործառությունների գծով տնօրեն Բուրաստան Մովսիսյանի խոսքով` Ամերիաբանկը մեծ ոգևորությամբ միացավ այս միջոցառմանը, քանի որ բանկը շատ է կարևորում նորարարական բիզնեսի զարգացումը երկրում:

«Այս ոլորտն ունի զարգացման մեծ ներուժ, ուստի ցանկանում ենք մաս կազմել այս միջոցառմանը: Մենք մեծ ներդրումներ ենք իրականացնում նորարար տեխնոլոգիաների զարգացման համար և շատ ենք կարևորում ՏՏ ստարտափների դերը, քանի որ վերջիններս կարողանում են իրականացնել լուրջ բարեփոխումներ սպասարկման ոլորտում»,-ասաց Մովսիսյանը:

Global Am հասարակական կազմակերպության նախագահ Գևորգ Պողոսյանը ասաց, որ միջոցառման հիմնական նպատակը Հայաստանում ստարտափ համակարգի զարգացումն է:

«7-օր շարունակ վրանային ճամբարում բոլոր մասնակիցները միմյանց կծանոթանան, կկրթվեն, նոր կապեր կհաստատեն և կմրցակցեն իրենց գաղափարներով,ինչպես նաև տեղում ներդրումներ են կատարվելու, որի շնորհիվ կարող են նոր կազմակերպություններ շուկա դուրս գալ: Այս տարի միջոցառման ընդհանուր ֆոնդը կազմում է 40 հազար դոլար, որից 8 հազար դոլարը Big Batlle մրցույթի համար է հատկացվել: Բացի այդ, այս տարի սպասվում են 200 հազար դոլարի ներդրումներ»,- եզրափակեց Պողոսյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում