Պետք է զգոն լինել և դատապարտել ցանկացած գործողություն, որոնք միտված են բռնության միջոցով լուծելու իշխանության հարցը

Հայաստանի հասարակությունը որևէ կերպ չի ընդունում արմատական քաղաքականության դրսևորումները: Հուլիսի 25-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին նշեց Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հայկ Բաբուխանյանը:

«Դա ապացուցեց հուլիսի 17-ի մարդկանց անդադար հոսքը դեպի ոստիկանության պարեկապահակային ծառայության գունդ, ովքեր հարգանքի տուրք մատուցեցին զոհված ոստիկանների հիշատակին: Մեր հասարակությունը մերժեց արմատական դիրքորոշումը նաև Ազգային Ժողովի ընտրությունների ժամանակ՝ տալով ձայների մեծամասնությունը Հանրապետական կուսակցությանը»,- ասաց Բաբուխանյանը:

Պատգամավորը կարծում է, որ ՊՊԾ գունդը գրաված զինված խումբը և նմանատիպ այլ խմբեր կառավարվում են ինչ-որ կենտրոնից, որոնք ցանկանում են Հայաստանում իրավիճակը ապակայունացնել: «Պետք է զգոն լինել և դատապարտել ցանկացած գործողություն, որոնք միտված են բռնության միջոցով լուծելու իշխանության հարցը»,- եզրափակեց Բաբուխանյանը:

Երևանում 2017 թվականի հուլիսի 17-ին ՀՀ ոստիկանության Պարեկապահակային ծառայության գունդ չէր դադարում քաղաքացիների հոսքը, ովքեր իրենց հարգանքի տուրքն էին եկել մատուցելու 2016 թվականի հուլիսյան իրադարձությունների ժամանակ զոհված ոստիկանության երեք աշխատակիցների հիշատակին: ՊՊԾ գնդի շենքի դիմաց տեղադրվել էր զոհված ոստիկանների հիշատակին նվիրված հուշաքար, որի մոտ մարդիկ մոմեր էին վառել եւ ծաղիկներ:

2016թ. հուլիսի 17-ին մի խումբ զինված անձինք ներխուժեցին ՊՊԾ գունդ: Նրանք գունդը գրավված են պահել մինչև հուլիսի 31-ը՝ մի քանի օր պատանդ պահելով ներսում գտնվող իրավապահներին, հետագայում նաև՝ օգնության հասած բժիշկներին: Գործողությունների հետևանքով զոհվել է երեք ոստիկան:

Հետևեք մեզ նաև Telegram-ում