Իսրայելցի նախարարը հայ-իսրայելական հարաբերությունների զարգացման ճանապարհին որեւէ խոչընդոտ չի տեսնում

Հայաստանն ու Իսրայելը մեծ ներուժ ունեն համագործակցելու հատկապես ջրային ռեսուրսների կառավարման եւ գյուղատնտեսության ոլորտներում: «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան՝ այս մասին ասաց Իսրայելի տարածաշրջանային համագործակցության նախարար Ցախի Հանեգբին, ով պաշտոնական այցով հուլիսի 25-ին ժամանել էր Հայաստան:

«Իսրայելն աշխարհում առաջինն է ջրային ռեսուրսների կառավարման հարցում, ունի շատ հմտություններ եւ ջրային ռեսուրսների ճիշտ կառավարման համար տեխնոլոգիաների օգտագործման փորձ, որը կարող ենք ներկայացնել Հայաստանին. գյուղատնտեսության ոլորտի վերաբերյալ եւս քննարկումներ ենք ունեցել նախարարի հետ, եւ հուսամ՝ արդյունքները շուտով ակնհայտ կլինեն»,-ասաց նա:

Իսրայելցի նախարարը վստահեցրեց, որ երկու երկրների հարաբերությունների զարգացման ճանապարհին չկա որեւէ խոչընդոտ, պարզապես անհրաժեշտ է, որ երկու կողմերում էլ ոլորտների ղեկավարները լինեն եռանդուն տարբեր նախագծերի շուրջ համագործակցության հարցում:

Անդրադառնալով Իսրայելում հայկական համայնքին՝ նախարարը ուրախությամբ նշեց, որ հայերն Իսրայելում իրենց զգում են որպես հասարակության մի մաս:

«Երբ ես Ներքին անվտանգության նախարար էի, իմ աշխատանքն էր այնպես անել, որ բոլոր եկեղեցիներում կարգուկանոն լինի, տարբեր կրոնների, հավատքների պատկանող անձինք լավ հարաբերություններ ունենան: Իհարկե, երբեմն դա հեշտ չէր կազմակերպել, քանի որ նրբություններ կան, սակայն ուրախ եմ՝ տեսնելով, որ հայերն իրենց զգում են որպես մեկ ընտանիքի մաս»,-ասաց Ցախի Հանեգբին:

Նա նաեւ նշեց, որ զարմացել է՝ իմանալով, որ Հայաստանում Իսրայելի դեսպանի նստավայրը Հայաստանը չէ: «Սա մի բան է, որը պետք է փոխվի»,- եզրափակեց իսրայելցի նախարարը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում