Իրանի հարավ – արեւմուտքում տեղի ունեցած երկրաշարժից 25 մարդ է տուժել

Առնվազն 25 մարդ է տուժել Իրանի հարավ – արեւմուտքում տեղի ունեցած երկրաշարժի հետեւանքով, հաղորդել է IRNA գործակալությունը: Ինչպես հայտնել է Անհետաձգելի օգնության վարչության հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Մոհսեն Իբրահիմը, տասնվեց տուժողների օգնություն է ցույց տրվել տեղում, եւս ինը մարդ հոսպիտալացվել է,- տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

Press TV հեռուստաալիքի տվյալներով՝ ստորգետնյա ցնցումները գրանցվել են Իրանի հարավ – արեւմտյան Չեխարմեխալի եւ Բախիտարիայի նահանգներում: Էպիկենտրոնը գտնվել է Նաքան քաղաքից երկու կիլոմետր հեռավորության վրա: Երկրաշարժի օջախն ընկած է եղել 10 կիլոմետր խորության վրա:

Նահանգի Ճգնաժամային իրավիճակների վարչության կենտրոնի տնօրեն Սաթար Ֆարհադին հայտնել է, որ երկրաշարժի հետեւանքով վնասվել են Էլեկտրացանցերը, քաղաքներում տեղի է ունեցել քարվեժ, մի քանի տների պատերին ճաքեր են հայտնվել:

Հուլիսի 28-ին Իրանի արեւմուտքում տեղի է ունեցել 4,7 մագնիտուդով երկրաշարժ: Այն ժամանակ տուժել է ութ մարդ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում