Հայաստանը և Թուրքմենստանը խորացնում են հումանիտար կապերը

Հայաստանի և Թուրքմենստանի նախագահները Երևանում կայացած հանդիպման ընթացքում հատուկ ուշադրություն են դարձրել հումանիտար ոլորտում երկու երկրների համագործակցությանը: Երևանում Սերժ Սարգսյանի հետ հանդիպումից հետո լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը: «Պայմանավորվել ենք աջակցել երկու երկրների ժողովուրդների ավելի սերտ շփվելու, Թուրքմենստանի և Հայաստանի հարուստ պատմամշակութային ժառանգությունն ուսումնասիրելու ձգտմանը, ինչպես նաև պայմաններ ստեղծել երկու երկրների մշակույթի և արվեստի գործիչների համագործակցության համար»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ` նշեց Թուրքմենստանի առաջնորդը:

Նա հավելեց, որ Երևանում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպումն ավելի է ամրապնդել նոր և ավելի դինամիկ գործընկերության հիմքերը առևտրատնտեսական ոլորտում: Թուրքմենստանի նախագահի խոսքով` երկու երկրների միջև համագործակցության առավել հեռանկարային ուղղություններն են առևտուրը, էներգետիկայի, տրանսպորտի և կապի, գյուղատնտեսության, առողջապահության, տեքստիլ արդյունաբերության ոլորտները, բիզնես շրջանակների միջև ուղիղ շփումները և գործնական կապերը:

Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը նաև հիշեցրեց, որ այս տարվա սեպտեմբերին Թուրքմենստանի մայրաքաղաք Աշխաբադում անցկացվելու են մարտարվեստների Ասիական 5-րդ խաղերը: Նա ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին հրավիրեց այցելել Թուրքմենստան` այդ խաղերի բացման հանդիսավոր արարողությանը մասնակցելու համար:

Հետևեք մեզ նաև Telegram-ում