«Ժողովուրդ». Կառավարությունը փորձում է տպագիր մամուլին զրկել ֆինանսական աղբյուրներից

«Ժողովուրդ»-ում կարդում ենք. «Իշխանությունները ձեռնամուխ են եղել հնարավոր բոլոր միջոցներով անկախ մամուլը ոչնչացնելու գործին։ Եվ հիմա այս նպատակով փորձում են լրատվամիջոցներին, մասնավորապես տպագիր մամուլին զրկել ֆինանսական աղբյուրներից։ Հայտնի փաստ է, որ թերթերը ֆինանսավորման երեք աղբուր ունեն՝ վաճառքից գոյացած միջոցները, գովազդը կամ վճարովի հայտարարությունները և վերջապես, նվիրատվությունները։

Ու հիմա կառավարության թեթև ձեռքով փորձ է արվում փակել մամուլի ֆինանսավորման առնվազն երկու աղբյուրներ։ Նախ՝ վարչապետ Կարեն Կարապետյանը պաշտոնավարման սկզբում պետական հիմնարկներին «փակ» հրահանգ տվեց հրաժարվել տպագիր մամուլի բաժանորդագրությունից՝ այս որոշումը պատճառաբանելով խնայողության անհրաժեշտություն։

Հիմա էլ ՀՀ արդարադատության նախարարությունը շրջանառության մեջ է դրել օրենսդրական փոփոխությունների մեծ փաթեթ, ըստ որի՝ հրապարակային ծանուցումների այսուհետ պետք է հրապարակվեն ոչ թե զանգվածային լրատվամիջոցներում, այլ միայն ՀՀ հրապարակային ծանուցումների պաշտոնական azdarar.am կայքում։ Այս կայքը արդարադատության նախարարության ենթակայությամբ է գործում։ Այս տեմպերով եթե շարունակվի, ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին պետք է հռչակվի որպես մամուլի թշնամի»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում