«Հրապարակ». Լիսկայի վերջին բաստիոնն ընկավ

«Հրապարակ»-ն անդրադառնալով Գորիսի քաղաքապետի պաշտոնից Վաչագան Ադոնցի ներկայացրած հրաժարակին՝ գրել է. «Ինչպես հայտնի է, վերջին շրջանում խիստ լարված են Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանի և Գորիսի քաղաքապետ Վաչագան Ադունցի հարաբերությունները: Գորիսի քաղաքապետը նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի մարդն է, իսկ նոր մարզպետը որոշել է ազատվել Լիսկայի կադրերից, քանի որ նրանք իրեն չեն ենթարկվում:

Տարիներ ի վեր Գորիսը եղել է Լիսկայի բաստիոնը, քաղաքապետերն էլ՝ նրա կամակատարները: Ըստ էության, վերջին բաստիոնն ընկավ։ Ամիսներ առաջ Վահե Հակոբյանը փորձեց Գորիսի ավագանու միջոցով հասնել քաղաքապետի պաշտոնանկությանը, սակայն չստացվեց։ Այժմ քաղաքապետին ուղիղ ասվել է՝ դիմումդ գրի, գնա: Սակայն Ադունցը դիմադրում էր, անգամ օրերս «Սյունյաց երկիր» լրատվամիջոցին ասել էր, որ ճնշում են գործադրում իր վրա՝ հրաժարականի դիմում գրելու համար, «սակայն չեմ գրել և չեմ պատրաստվում գրել»։

Բայց երեկ տեղեկացանք, որ հրաժարականի դիմումը գրվել է, ընդ որում՝ «հիվանդության պատճառով» ծեծված ու կեղծ պատճառաբանությամբ։ Ըստ ամենայնի, հույս է ունեցել հանդիպել մարզպետի վերադասի հետ և լուծել հարցերը, այդ մասին անգամ ասել է «Սյունյաց երկիր»-ին, սակայն հանդիպումը կա՛մ չի կայացել, կա՛մ ավարտվել է ի վնաս քաղաքապետի, և դիմումը գրվել է»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում