Ստեփանակերտում մեկնարկել է 2-րդ միջազգային երիտասարդական գիտաժողովը

Ստեփանակերտում մեկնարկել է 2-րդ միջազգային երիտասարդական գիտաժողովը

Սեպտեմբերի 15-ին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նիստերի դահլիճում մեկնարկել է «Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման հիմնախնդիրներն ու հեռանկարները» 2-րդ միջազգային երիտասարդական գիտաժողովը:

Գիտաժողովի կազմակերպիչն Արցախի երիտասարդ գիտնականների և մասնագետների միավորումն է` Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության և «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ ֆինանսական աջակցությամբ:

Գիտաժողովի կազմկոմիտեի նախագահ, Արցախի երիտասարդ գիտնականների և մասնագետների միավորման հիմնադիր, իրավագիտության թեկնածու Ավետիք Հարությունյանի խոսքերով` գիտաժողովին մասնակցելու հայտ են ներկայացրել գիտնականներ Արցախից, Հայաստանից, ԱՄՆ-ից, Ռուսաստանից, Գերմանիայից, Լեհաստանից և Ուկրաինայից:

Լիագումար նիստին հանդես են եկել Համբուրգի համալսարանի պրոֆեսոր, ի.գ.դ. Օտտո Լուխտենհանդտը, Նյու Յորքի իրավունքի դպրոցի պրոֆեսոր, ի.գ.դ. Ամիթ Չաբրան, Լեհաստանից` քաղաքագիտության դոկտոր, պրոֆեսոր Մարեկ Ժեյմոն, Արցախի Հանրապետության Նախագահի խորհրդական Տիգրան Աբրահամյանը և քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը:

Լիագումար նիստից հետո գիտաժողովի աշխատանքները կշարունակվեն իրավագիտության, քաղաքագիտության, պատմության, տնտեսագիտության, հոգեբանության և բանասիրության բաժանմունքներում:

Սեպտեմբերի 16-ին կամփոփվեն գիտաժողովի արդյունքներն ու կհանձնվեն հավաստագրերը, որից հետո հյուրերը կմասնակցեն Արցախյան գինու չորրորդ փառատոնին (Հադրութի շրջանի Տողի մելիքական ապարանք):

Հետևեք մեզ նաև Telegram-ում