Սփյուռքի պետք է միասնական ուժերով նպաստի Հայաստանի տնտեսության զարգացմանը. Ռումինիայում Հայոց Միության նախագահ

Միջազգային տնտեսության կայուն զարգացումը նպաստավոր պայմաններ է ստեղծում Հայաստանում բազմաթիվ ծրագրեր իրականացնելու համար: «Սեպտեմբերի 19-ի Հայաստան-Սփյուռք համաժողովի շրջանակներում անցկացվող «Սփյուռքի գործարար և մասնագիտական ցանցերի հնարավորությունները» թեմայով քննարկման ժամանակ այս մասին ասաց Ռումինիայի խորհրդարանի անդամ, Ռումինիայում Հայոց Միության նախագահ Վարուժան Ոսկանյանը:

«Արժույթի միջազգային հիմնադրամի և Համաշխարհային բանկի կանխատեսած տվյալները ցույց են տալիս, որ ապագայում համաշխարհային տնտեսությունը բավականին կայուն է լինելու և համախառն ներքին արդյունքի միջին աճը կազմելու է 1,5 և 2 տոկոս: Կայուն զարգացում է սպասվում Եվրամիությունում, Ռուսաստանում, Չինաստանում և այլ երկրներում: Դա նպաստավոր է Հայաստանի տնտեսության զարգացմանը զարկ տալու համար»,- ասաց Ոսկանյանը:

Ոսկանյանի խոսքով՝ Հայաստանի համախառն ներքին արդյունքի միջին աճը պետք է կազմի առնվազն 7 տոկոս և այն ապահովելու համար պետք է փոփոխություններ իրականացվեն արտաքին քաղաքականությունում և Սփյուռք-Հայաստան հարաբերություններում:

Ռումինիայում Հայոց Միության նախագահը կարևորեց համահայկական խորհրդի ստեղծումը:

«Սփյուռքի պարտականությունն է միասնական ուժերով նպաստել Հայաստանի տնտեսության զարգացմանը: Կարծում եմ, պետք չէ միայն խոսել բարոյական հարցերի, այլ նաև Հայաստանի տնտեսության զարգացմանը ուղղված գործնական քայլերի մասին»,- ասաց Ոսկանյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում