Էդիկ Մինասյանն անկախ Հայաստանի ամենամեծ ձեռքբերում է համարում բանակը, մամուլի ազատությունն ու բազմակուսակցական համակարգը

Անկախացմամբ Հայաստանն ունեցավ մի շարք ձեռքբերումներ՝ հայոց բանակի ստեղծում, բազմակուսակցական համակարգի գոյություն, ինտեգրում միջազգային կառույցներին, գաղափարական սահմանափակումների վերացում և ժողովրդավարական հաստատությունների կայացում: Սեպտեմբերի 20-ին լրագրողների հետ հանդիպմանն այս տեսակետը հայտնեց ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյանը:

«Հայաստանի 3-րդ անկախ հանրապետությունը ձևավորվել է առաջին երկու հանրապետությունների թողած ժառանգության հիմքի վրա: Խորհրդային տարիներին ստեղծված մտավոր, նյութական կարողությունները, հզոր արդյունաբերութունը, գյուղատնտեսությունը, զարգացած մշակույթն ու գիտությունը հիմք են հանդիսացել 3-րդ հանրապետության զարգացման համար: Անկախությունը նվաճվել է բարդ պայմաններում»,-ասաց Մինասյանը:

Նրա կարծիքով՝ անկախ Հայաստանի ամենամեծ ձեռքբերումն է հայոց ազգային բանակի ստեղծումը: Ձեռբերումներից է համարում նաև ազատ տնտեսական և շուկայական հարաբերությունների ձևավորումը, թեև այսօր էլ դեռ կան որոշակի բացթողումներ:

Քաղաքագետ Արթուր Ղազայանի կարծիքով՝ անկախացման տարիների բացթողում է այն, որ որոշակի միջազգային փորձեր են տեղայնացվել ոչ հաջող կերպով:

«Այս տարիներին անկախ Հայաստանում տեղի ունեցավ համակարգային փոփոխություն՝ ստեղծվեց կառավարման խորհրդարանական համակարգ: Փորձը ցույց տվեց, որ կիսանախագահական կառավարման մոդելն այլևս կենսունակ չէր: Անկախությունը Հայաստանին տվեց նաև կամքն ազատ արտահայտելու հնարավորություն: Դրա ապացույցներն են ընտրությունների, ընդդիմության, բազմակուսակցական համակարգի գոյությունը»,-ասաց քաղաքագետը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում