Կոռուպցիայի դեմ պայքարում կատարվել են մի շարք կարևոր քայլեր

Արդարադատության նախարարությունը կոռուպցիայի դեմ պայքարում կատարել է մի շարք կարևոր քայլեր, որոնք հետագայում կտան իրենց դրական արդյունքները: Սեպտեմբերի 28-ին ՀՀ արդարադատության նախարարության վերջին մեկ տարվա աշխատանքների ամփոփմանը նվիրված ասուլիսի ժամանակ այս մասին ասաց նախարար Դավիթ Հարությունյանը:

«Այդ կարևոր քայլերից մեկն եմ համարում այս տարի ընդունված «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքը, որի համաձայն Հայաստանում առաջին անգամ ստեղծվելու է կոռուպցիայի կանխարգելման մարմին»,- ասաց Հարությունյանը:

Ի տարբերություն գործող հակակոռուպցիոն մարմինների՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն ունենալու է ինքնուրույն աշխատակազմ, ֆինանսավորվելու է ՀՀ պետական բյուջեից, օժտված է լինելու անկախության երաշխիքներով:

Նախարարը մյուս կարևոր քայլերից է համարում 2017 թվականին հունիսի 9-ին ընդունված «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքը , որով ընդլայնվել է հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող պաշտոնատար անձանց շրջանակը: Դրանք են բոլոր դատախազները, ազգային անվտանգության մարմինների, հարկային, մաքսային ծառայությունների, քննչական կոմիտեի և հատուկ քննչական ծառայության քննիչները, Երևան քաղաքի վարչական շրջանների ղեկավարները և գնումների բողոքարկման խորհրդի անդամները:

«Հստակեցվել է փոխկապակցված անձանց շրջանակը, բարեփոխվել է հայտարարագրման համակարգը, ներդրվել է շահերի հայտարարագրման ինստիտուտը, ինչի արդյունքում կբարձրանա հանրային հաշվետվողականությունը: Ինչով էր պայմանավորված այս բարեփոխումը, որովհետև կան պաշտոններ, որոնք պարունակում են կոռուպցիոն ռիսկեր: Այս աշխատանքը հետզհետե շարունակվելու է և անձանց շրջանակը ընդլայնվելու»,- նշեց նախարարը:

Ըստ նախարարի` պակաս կարևոր չէր «Ապօրինի հարստացման մասին» օրենքը, կանխիկ դրամով գործարքներ կատարելու սահմանափակումը բարձրաստիճան պաշտոնատար անձանց համար:

«Ազդարարման համակարգի մասին» օրենքը նույնպես կարևոր քայլերից եմ համարում, որի շրջանակում սահմանվել են ազդարարների պաշտպանության երաշխիքների, ինչպես նաև գործուն կառուցակարգերի ներդրման դրույթներ` անանուն հաղորդում ներկայացնելու մեխանիզմ, ինչը կնպաստի հանրության մեջ կոռուպցիայի նկատմամբ հասարակական անհանդուրժողական վերաբերմունքի ձևավորմանը, կոռուպցիոն դեպքերի բացահայտմանը»,- ընդգծեց նախարարը՝ հավելելով, որ ներկայումս աշխատանքներ են տարվում նոր հակակոռուպցիոն ռազմավարության մշակման ուղղությամբ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում