Իտալացի վիրտուոզ դաշնակահարուհի Գլորիա Կամպաները հանդես կգա խաչատրյանական փառատոնի շրջանակում

Խաչատրյանի 5-րդ միջազգային փառատոնի շրջանակներում հոկտեմբերի 26-ին կայանալիք սիմֆոնիկ համերգին Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հետ ելույթ կունենա վիրտուոզ դաշնակահարուհի Գլորիա Կամպաները։ Նա կկատարի Սերգեյ Ռախմանինովի Դաշնամուրի թիվ 2 կոնցերտը։ Նույն համերգի ընթացքում նվագախումբը, Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ, կներկայացնի նաև Իգոր Ստրավինսկու «Հրեղեն հավքը» ստեղծագործությունը (ոչ թե սյուիտային, այլ բալետային տարբերակը)։ Ստրավինսկու ստեղծագործությունը Հայաստանում ներկայացվում է առաջին անգամ։

Քննադատներն ու հանդիսատեսը Վենետիկում ծնված Գլորիա Կամպաներին համարում են Իտալիայի նոր սերնդի ամենահետաքրքիր երիտասարդ դաշնակահարը։ 12 տարեկանում նա առաջին անգամ ելույթ է ունեցել բեմում Վենետիկի սիմֆոնիկ նվագախմբի հետ։ Դրան հետևել են ավելի քան 20 առաջին մրցանակները դաշնակահարների ազգային և միջազգային մրցույթներում։

2014-ի սեպտեմբերին Կամպաները դարձավ առաջին դասական DJ-ը Casa Bertallot-ի վեբքասթի համար (Միլան)՝ միլիոնավոր հետևորդների ներկայացնելով դասական երաժշտության գոհարների ձայնագրություններ։

Խաչատրյանի միջազգային փառատոնի գեղարվեստական մասի պատասխանատու Սարգիս Բալբաբյանը «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց, որ Գլորիա Կամպաներն ունի մի շարք նորարարական նախագծեր, որոնք նախատեսվում է Հայաստանում ներկայացնել խաչատրյանական առաջիկա փառատոների ընթացքում։ Այդ մասին արդեն կան որոշակի պայմանավորվածություններ։

Սարգիս Բալբաբյանի խոսքով, դասական համերգների կողքին պետք է նաև լինեն այնպիսի հետաքրքիր նախագծեր, որոնք նոր ունկնդիր կբերեն, նոր մարդկանց կծանոթացնեն դասական երաժշտարվեստին։

«Դրան օգնում են այն հետաքրքիր գաղափարները, որոնք մենք փորձում ենք ներդնել փառատոնի ընթացքում»,- ասաց նա։

Հիշեցնենք, որ Խաչատրյանի միջազգային փառատոնն անցկացվում է ՀՀ Նախագահի հովանու ներքո։ Փառատոնը կազմակերպել է Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը (գլխավոր գործընկեր՝ ՎիվաՍելլ-ՄՏՍ)՝ ՀՀ մշակույթի նախարարության, «Խաչատրյան» և Մշակույթի աջակցության եվրոպական հիմնադրամների աջակցությամբ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում