Ներքին ներդրողին ակտիվացնելու առումով այս տարի որոշակիորեն ֆոնը փոխել ենք

«Հայաստանի ներդրողների ակումբ»-ն առաջիկա 10-12 օրերի ընթացքում հստակ կհայտարարի ներդրումների մասին: Այդ մասին հրավիրված ասուլիսում հայտարարեց վարչապետ Կարեն Կարապետյանը: «Ներդրողների ակումբը երբ ստեղծեցինք՝ բոլորը երկրորդ օրը հարցնում էին, թե ուր են ներդրողները: Իրենք մոտ ժամանակներս հստակ կհայտարարեն ներդրումների մասին, առաջիկա 10-12 օրվա ընթացքում»,- ասաց վարչապետը:

Միաժամանակ, կառավարության ղեկավարն ասաց, որ Հայաստանի տնտեսական վիճակը գնահատում է կառավարելի և հեռանկարային: «Չեմ ասում, որ բոլոր խնդիրները լուծել ենք: Այսօր օտարերկրյա ներդրողին բերելու համար նախևառաջ պետք է ստեղծենք միջավայր և այդ առումով կարևոր է սեփական՝ ներքին ներդրողին ակտիվացնելը: Կարծում եմ, որ այս տարի մենք որոշակիորեն ֆոնը փոխել ենք»,- ասաց Կարեն Կարապետյանը:

Ինչ վերբերում է գնաճին՝ վարչապետն ասաց, որ այս տարվա կտրվածքով կանխատեսվում է 0,6-0,8 տոկոս գնաճ: Այդ առումով, Կարեն Կարապետյանն ասաց, որ համաձայն չէ, թե այս տարի քաղաքացու սոցիալական վիճակը վատացել է:

Նոյեմբերի 1-ին ռուսական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել էր, որ «Հայաստանի ներդրողների ակումբ»-ը նոյեմբերի 13-ին Երևանում կազմակերպելու է մեծ շնորհանդես՝ ներդրումային ծրագիր սկսելու մասին (մեկ միլիարդ դոլարից մի փոքր ավելի):

Հետևեք մեզ նաև Telegram-ում