«Հայկական ժամանակ». Լոս Անջելես-Երևան թռիչքների հետ կապված ոչ մի խնդիր չկա

«Հայկական ժամանակ». Լոս Անջելես-Երևան թռիչքների հետ կապված ոչ մի խնդիր չկա

«Լոս Անջելես-Երևան և հակառակ ուղղությամբ թռիչքներ իրականացնելու հետ կապված ոչ մի խնդիր չկա: Մասնավոր սեկտորը ինքը պետք է հասկանա՝ այդ երթուղով չվերթների իրականացումը եկամտաբեր կլինի՞, թե՞ ոչ»,- այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասել է Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության (ՔԱԳՎ) մամուլի քարտուղար Սաթենիկ Հովհաննիսյանը:

Հովհաննիսյանը նշել է նաև, որ ՔԱԳՎ-ն բանակցություններ է վարում բոլոր հնարավոր ուղղություններով, բայց քանի դեռ արդյունքները հստակ և վերջնական չեն, դրանց մասին չեն կարող խոսել: «Երբ որ լինեն իրատեսական արդյունքներ, այդ ժամանակ կտեղեկացնենք»,- ասել է նա:

Թերթն ավելի վաղ գրել էր, որ ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը ստորագրահավաք է սկսել Լոս Անջելես-Երևան և հակառակ ուղղություններով ուղիղ թռիչքներ իրականացնելու պահանջով: «Ուղիղ չվերթները կխնայեն ուղևորների ժամանակը, կազատեն անհարմարություններից, շահավետ կլինեն կոմերցիոն առումով, կնպաստեն Հայաստանում տուրիզմի և տնտեսական այլ ոլորտների զարգացմանը, ինչպես նաև կխնայեն ուղևորների ժամանակը»,-նշված է ստորագրահավաքի տեքստում:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում