Միայն Հայաստանում է, որ շախմատի նկատմամբ նման մեծագույն սեր կա. Պսախիս

Միայն Հայաստանում է, որ շախմատի նկատմամբ նման մեծագույն սեր կա. Պսախիս

Խորհրդային Միության շախմատի կրկնակի չեմպիոն Լև Պսախիսի կարծիքով, աշխարհում միայն երկու երկիր կա, որտեղ շախմատն այսքան մասսայական է:

«Միայն Հայաստանում է, որ շախմատի նկատմամբ նման մեծագույն սեր կա: Երկիր մոլորակի վրա նման սեր դեպի շախմատը տեսել եմ միայն մեկ երկրում ևս` Հնդկաստանում: Եվ ինձ համար, որպես շախմատիստի, անասելի հաճելի է տեսնել նման սերը դեպի շախմատը: Ես առաջին անգամ չե, որ Ծաղկաձորում եմ, բազմիցս եղել եմ այստեղ, շատ լավ ծանոթ եմ եղել Տիգրան Պետրոսյանի, Գարրի Կասպարովի հետ»,-ասաց ԽՍՀՄ կրկնակի չեմպիոնը:

Հայաստանի շախմատային ֆեդերացիան նոյեմբերի 22-ին կազմակերպել է շախմատի կայծակնային մրցաշար՝ նվիրված միջազգային գրոսմայստեր, Հայաստանի ութակի չեմպիոն Աշոտ Անաստասյանի հիշատակին: Մրցաշարն անցկացվում է շվեյցարական մրցակարգով, 9 խաղափուլով: Մրցաշարին մասնակցում են 14 երկրի շուրջ 200 շախմատիստ, այդ թվում` 29 միջազգային գրոսմայստեր և 28 միջազգային և ՖԻԴԵ-ի վարպետներ: Մրցաշարի մրցանակային ֆոնդը կազմում է 2 500 ԱՄՆ դոլար: Սահմանված են 10 հիմնական և 3 հատուկ մրցանակներ:

Նոյեմբերի 22-ից դեկտեմբերի 2-ն էլ կանցկացվի «Ծաղկաձոր օփեն» շախմատի միջազգային մրցաշարը: Այն կանցկացվի Ա և Բ խմբերով, շվեյցարական մրցակարգով, 9 խաղափուլով՝ ՖԻԴԵ-ի շախմատի կանոնների համաձայն: Մրցաշարերում հաղթողի կոչման համար կպայքարի 17 երկրի շուրջ 160 շախմատիստ, այդ թվում՝ 23 միջազգային գրոսմայստեր և 23 միջազգային և ՖԻԴԵ-ի վարպետներ: Մրցաշարի մրցանակային ֆոնդը կազմում է 12 000 ԱՄՆ դոլար: Սահմանված են 15 հիմնական և 10 հատուկ մրցանակներ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում