Էլինար Վարդանյանը ՀՀ-ԵՄ համաձայնագրում լուրջ բարեփոխումների ազդակներ է տեսնում տարբեր ոլորտներում

Էլինար Վարդանյանը ՀՀ-ԵՄ համաձայնագրում լուրջ բարեփոխումների ազդակներ է տեսնում տարբեր ոլորտներում

Հայաստանի և Եվրոպական Միության միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին համաձայնագիրը բավականին լուրջ ռեֆորմներ է առաջարկում տարբեր ոլորտներում:

«Բրյուսելի գագաթաժողովից առաջ. ԱլԳ և ՀՀ-ԵՄ նոր շրջանակային համաձայնագիր» խորագրով քննարկման ընթացքում նման կարծիք հայտնեց Ազգային ժողովի նախկին պատգամավոր, «Համախմբում» կուսակցության փոխնախագահ Էլինար Վարդանյանը: «Որքանով այդ բարեփոխումները կիրականացվեն, կախված է մեզանից, նաև` քաղաքացիական հասարակությունից: Պատահական չէ, որ համաձայնագրում առանձնահատուկ շեշտվում է քաղաքացիական հասարակության ներգրավվածության խնդիրը»,- ընդգծեց Վարդանյանը:

Նա ընդգծեց, որ համաձայնագիրը բացի որոշ ստանդարտ ձևակերպումներից, առաջարկում է նաև կոնկրետ լուծումներ որոշ ոլորտներում, այդ թվում` սոցիալական ոլորտում: «Այս համաձայնագրում անվտանգությունից, տնտեսական հարաբերություններից զատ ինձ համար կարևոր են մարդու իրավունքների և սոցիալական խնդիրների վերաբերյալ դրույթները»,- ասաց Էլինար Վարդանյանը:

Էլինար Վարդանյանը Հայաստանի և Եվրոպական Միության միջև համաձայնագրի ստորագրումն առաջ քայլ է համարում, քանի որ հին համաձայնագիրը և դրանից հետո իրականացված ծրագրերը չեն արտացոլել իրականությունը: Նա ևս մեկ անգամ շեշտեց, որ համաձայնագրի կյանքի կոչումը կախված է նրանից, թե որքանով հասարակությունը պահանջատեր կլինի:

Հետևեք մեզ նաև Telegram-ում