Ղազախական Ակտաու քաղաքը մեծ հանդիսություններով է հիշատակել իր հիմնադիր Ռուբեն Գրիգորյանի ծննդյան 100-ամյակը

Ղազախական Ակտաու քաղաքը մեծ հանդիսություններով է հիշատակել իր հիմնադիր Ռուբեն Գրիգորյանի ծննդյան 100-ամյակը

Ղազախստանում ՀՀ դեսպան Արա Սահակյանը նոյեմբերի 24-25-ը աշխատանքային այցով գտնվել է Մանգիստաուի մարզում, որտեղ հանդիպում է ունեցել մարզի ակիմ (նահանգապետ) Երալի Տուգժանովի հետ:

Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչությունից, հանդիպմանը քննարկվել են հայ-ղազախական առևտրատնտեսական և մշակութային հարաբերությունների զարգացման, փոխադարձ ներդրումների խրախուսման, ինչպես նաև հայ համայնքին առնչվող հարցեր:

Այնուհետև, դեսպան Սահակյանը նոյեմբերի 25-ին մասնակցել է մարզկենտրոն Ակտաու (նախկին Շևչենկո) քաղաքի հիմնադիր Ռուբեն Գրիգորյանի ծննդյան 100-ամյակին նվիրված միջոցառմանը, որը կազմակերպվել էր Մանգիստաուի մարզի «Եղբայրություն» հայկական մշակութային միության և տեղական իշխանությունների նախաձեռնությամբ:

Միջոցառմանը ելույթներով հանդես են եկել Ղազախստանում ՀՀ դեսպան Արա Սահակյանը, Ակտաուի փոխքաղաքապետ Մասկատ Իսկակովը և այլք:

Դեսպան Սահակյանն իր ելույթում ընդգծել է Ռուբեն Գրիգորյանի անուրանալի վաստակը քաղաքի և նրա առաջին ռազմաարդյունբերական ձեռնարկությունների կառուցման գործում, ինչպես նաև պատվոգրեր հանձնել Ռուբեն Գրիգորյանի անվան հուշամրցաշարի (շախմատ, վոլեյբոլ, բազկամարտ, թեքվանդո) հաղթողներին:

Այնուհետև, դեսպանն ու փոխքաղաքապետը բացել են Ռուբեն Գրիգորյանին նվիրված հուշատախտակը, ապա ծաղկեպսակներ զետեղել քաղաքի կենտրոնում գտնվող նրա բրոնզաձույլ կիսանդրու առջև:

Դրան հաջորդած մշակութային միջոցառման ընթացքում ազգային երգերի ու պարերի կատարմամբ հանդես են եկել մշակույթի պալատի ինքնագործ խումբը և տեղի «Նուռ» հայկական համույթը:

Ռուբեն Գրիգորյանի 100-ամյակին նվիրված միջոցառումները լայնորեն լուսաբանվել են տեղի լրատվամիջոցներով։ Դեսպան Սահակյանը հանդես է եկել տեղի հեռուստատեսությամբ։

Տեղեկանք․ Ռուբեն Գրիգորյանը (1917-1976 թթ․) եղել է Ակտաու քաղաքի հիմնադիրը, Մերձկասպյան լեռնամետալուրգիական կոմբինատի տնօրեն, սոցիալիստական աշխատանքի հերոս, լենինյան և պետական (կրկնակի) մրցանակների դափնեկիր, պետական գործիչ և արտադրության խոշոր կազմակերպիչ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում