Հայաստանի փրկարար ուժերը միջազգային փրկարարական գործողություններում կներգրավվեն վարչապետի որոշմամբ

Հայաստանի փրկարար ուժերը միջազգային փրկարարական գործողություններում կներգրավվեն վարչապետի որոշմամբ

Հայաստանի տարածքից դուրս փրկարարական աշխատանքներում Հայաստանի փրկարար ուժերը կներգրավվեն ոչ թե կառավարության, այլ վարչապետի որոշմամբ: Ազգային ժողովի պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց «Փրկարար ուժերի և փրկարարի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին օրենքի նախագծին: Հիմնական զեկուցող, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ Արա Նազարյանը նշեց, որ նախագծով նախատեսվում է փոփոխություն կատարել «Փրկարար ուժերի և փրկարարի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում, համաձայն որի ՀՀ տարածքից դուրս փրկարարական աշխատանքներում Հայաստանի Հանրապետության փրկարար ուժերը կներգրավվեն ոչ թե ՀՀ կառավարության, այլ` վարչապետի որոշմամբ: «Դրա շնորհիվ կապահովվի նշված աշխատանքներին մասնակցելու արձագանքման օպերատիվությունը»,- նշեց Նազարյանը:

Նա հավելեց, որ նախագծի ընդունումը բխում է նաև միջազգային որոնողա-փրկարարական չափանիշներից: «Ընդհանրապես միջազգային փրկարարական գործողությունները ավելի հաճախ կիրառվում են որպես տուժած երկրին օգնություն ցուցաբերելու արդյունավետ միջոց, հատկապես այն երկրներին, որտեղ աղետների արձագանքման համակարգը զարգացած չէ կամ ներքին ուժերով չի կարող արձագանքել արտակարգ իրավիճակներին: Արտակարգ իրավիճակների դեպքում արդյունավետ որոշումների ընդունումը և մասնագիտացված փրկարարական թիմերի արագ արձագանքման կազմակերպումը կարող են աղետից տուժած բնակչության կորուստները հասցնել նվազագույնի»,- մանրամասնեց Արա Նազարյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում