ԵՄ-ի հետ ընդհանուր ավիացիոն գոտու համաձայնագիրը կանխատեսելի միջավայր կստեղծի եվրոպական ավիաընկերությունների համար

ԵՄ-ի հետ ընդհանուր ավիացիոն գոտու համաձայնագիրը կանխատեսելի միջավայր կստեղծի եվրոպական ավիաընկերությունների համար

Եվրամիության հետ ընդհանուր ավիացիոն գոտու մասին համաձայնագիրը լուրջ ու ընդգրկուն պայմանագիր է և լավ գործիք ոլորտը զարգացնելու, նոր ավիաընկերություններ մեր շուկա ներգրավելու համար: «Արմենպրես»-ի հետ զրույցում նոյեմբերի 24-ին Բրյուսելում նախաստորագրված համաձայնագիրն այսպես ներկայացրեց ՀՀ ԿԱ Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության Օդային փոխադրումների կարգավորման վարչության պետ Աննա Չոբանյանը:

Նա նշեց, որ համաձայնագիրը հաստատում է այն բոլոր սկզբունքները, որոնք ամրագրվել են Հայաստանում 2013 թվականի վերջին բաց երկնքի քաղաքականության որդեգրմամբ: «Եվրոպական միության հետ նոր համաձայնագիրը ոչ միայն ազատականացման մասով լուրջ իրավական գործիք է շուկան կարգավորելու համար, այլև ավիացիոն ողջ ոլորտն ընդգրկող պայմանագիր: Բացի դրանից` պայմանագրով սահմանվում է, որ Հայաստանում կներդրվեն քաղավիացիայի ոլորտում գործող եվրոպական բոլոր չափանիշները: Ավիաընկերությունների հետ բանակցությունների, քննարկումների ժամանակ դա մեզ բավականին կօգնի, քանի որ ավիաընկերություններն արդեն կանխատեսելի միջավայր կգան, քանի որ կգործի նույն ստանդարտը, ինչ Եվրոպայում»,-ասաց Աննա Չոբանյանը:

Նրա խոսքով` համաձայնագիրն ավիաընկերությունների առևտրային գործունեության մասով սահմանափակումներ չի ենթադրում և ընկերությունները Հայաստանում գործելու որոշում կայացնելիս կարող են վստահ լինել, որ կշահագործեն շուկան այնպես, ինչպես ցանկանում են, այն հաճախականությամբ, որքան ուզում են: Պաշտոնյան կարևոր համարեց հանգամանքը, որ նոր համաձայնագրով ավիացիոն ոլորտում ազատականացված հարաբերություններ են հաստատվելու ԵՄ բոլոր անդամ-պետությունների հետ, այսինքն` կարիք չի լինի երկկողմանի մակարդակում հարցերը կարգավորել: «Հայկական ավիաընկերությունները ևս հնարավորություն կունենան օգտվել Եվրոպայի ներքին շուկայից»,-հավելեց Աննա Չոբանյանը:

Չնայած ավիաընկերությունների համար լավ հիմքեր են ստեղծվել հայկական շուկա մուտք գործելու համար, բայց Աննա Չոբանյանն ասում է` պետք չէ ակնկալել, որ պայմանագրի ստորագրումից անմիջապես հետո ավիաընկերություններ են գալու:
Պաշտոնյան պարզաբանեց նաև, թե ինչ է նշանակում եվրոպական լավագույն փորձի ներդրում, որն ակնկալվում է ԵՄ ավիացիոն գոտուն միանալուց հետո: «Ոլորտը կարգավորվում է համապատասխան մարմինների կողմից, կան որոշակի ընթացակարգեր, որոնք արդեն իսկ կիրառվում են եվրոպական երկրներում, դրանք Հայաստանում ևս կադապտացվեն: Խոսքը վերաբերում է ավիաընկերությունների միջև փոխգործակցության, համաձայնեցված գործողությունների իրականացման, շուկայի հնարավորությունների օգտագործման, պետությունների կողմից թռիչքային ավիացիոն անվտանգության ոլորտում կարգավորումների, թռիչքային ստանդարտների կիրառման, ազատականացված շուկայի շահագործման, երթուղիների, երթուղիների աղյուսակի, ինչպես նաև 5-րդ ազատության իրավունքի օգտագործման և այլ հնարավորություններին»,-հայտնեց Օդային փոխադրումների կարգավորման վարչության պետը:

Ինչ վերաբերում է համաձայնագրի ստորագրմանը, ապա Չոբանյանը դժվարացավ հստակ ժամկետներ նշել, սակայն կարևորեց հանգամանքը, որ բանակցային գործընթացը բարեհաջող իր ավարտին է հասցվել: «Շատ կուզենայի նշել, որ նման արագությամբ ընդհանուր ավիացիոն գոտու մասին համաձայնագիր Եվրոպայի և որևէ երրորդ պետության միջև չի պատրաստվել: Բավականին գոհացուցիչ ընթացք ենք ունեցել»,-նշեց Աննա Չոբանյանը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում