Հայաստանը երբեք չի առաջնորդվել իր բարեկամների շահերը հակադրելու ճանապարհով. Արա Բաբլոյանը՝ ՀՀ-ԵՄ համաձայնագրի մասին

Հայաստանը երբեք չի առաջնորդվել իր բարեկամների շահերը հակադրելու ճանապարհով. Արա Բաբլոյանը՝ ՀՀ-ԵՄ համաձայնագրի մասին

Հայաստանը և Եվրոպական Միությունը փորձում են ստեղծել փոխհարաբերությունների մի նոր, ժամանակակից պատմություն՝ հիմնված անցյալի վրա և միտված ապագային: Ազգային ժողովում «Հայաստան-ԵՄ. համապարփակ և ընդլայնված գործընկերություն» թեմայով խորհրդարանական լսումների ընթացքում այս մասին ասաց ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը: «Եթե թերթենք մեր պատմությունը, կտեսնենք Հայաստանը Եվրոպային կապող բազմաթիվ էջեր։ Այժմ փորձում ենք ստեղծել մեր փոխհարաբերությունների մի նոր, ժամանակակից պատմություն՝ հիմնված անցյալի վրա և ուղղված ապագային: Մենք ունենք դրա ցանկությունը, ներուժը, հնարավորությունները, ինչպես նաև այդ քաղաքական կամքը, որը երաշխավորում է Հայաստանի և Եվրոպայի գործակցության նորագույն ընթացքը։ Սակայն մենք նպատակ չունենք այդ հարաբերություները կառուցել և ամրապնդել որևէ այլ երկրի կամ կառույցի հետ համագործակցության հաշվին»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց ՀՀ ԱԺ նախագահը։

Նա հավելեց, որ Հայաստանը երբևէ չի առաջնորդվել իր գործընկերների, առավել ևս բարեկամների շահերը միմյանց հակադրելու ճանապարհով։ «Հակառակը, մենք մշտապես ձգտել ենք համադրել այդ շահերը։ Հենց սա է յուրահատկությունը, որով օժտված է մեր պետությունը, որը գնահատվում է նաև գործընկեր պետությունների և կառույցների կողմից»,– ասաց Արա Բաբլոյանը։

ԱԺ նախագահն ընդգծեց, թե խորհրդանշական է, որ ՀՀ-ԵՄ համաձայնագիրը ստորագրվեց դեպի միացյալ Եվրոպա առաջին քայլի՝ Հռոմի համաձայնագրի 60-ամյակի տարում։ «Մենք Եվրասիական տարածքի, միաժամանակ Եվրոպայի անբաժանելի մասն ենք և մենք չենք կարող անմասն մնալ ինչպես եվրասիական, այնպես էլ համաեվրոպական գործընթացներից։ Որպես հարևաններ, որոնք չունեն ընդհանուր սահմաններ, որպես գործընկերներ, որոնք ի զորու են հաղթահարել ցանկացած հեռավորություն՝ մենք պետք ձևավորենք կայուն և փոխվստահելի հարաբերություններ՝ միասին կոտրելով առկա և հնարավոր կարծրատիպերը»,- եզրափակեց Բաբլոյանը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում