Հաշմանդամության կարգից զրկվածների համար Հայաստանում վերականգնողական բուժում են իրականացնում

Հաշմանդամության կարգից զրկվածների համար Հայաստանում վերականգնողական բուժում են իրականացնում

Հայաստանում իրականացվում է փորձնական ծրագիր՝ հաշմանդամ չճանաչված անձանց համար վերականգնողական անհատական բուժում իրականացնելու նպատակով: Այս մասին նշեց ՀՀ բժշկասոցիալական փորձաքննության գործակալության համակարգող-խորհրդատու Անուշ Սիմոնյանը՝ արձագանքելով հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրներով զբաղվող «Ունիսոն» հասարակական կազմակերպության ղեկավար Արմեն Ալավերդյանի այն դիտարկմանը, որ Հայաստանում մոտ 14 հազար մարդ զրկվել է հաշմանդամության կարգից ու արտոնություններից: Խոսքը հիմնականում վերաբերում է 3-րդ կարգի հաշմանդամություն ունեցող անձանց, որոնց խնդիրները թեթև են, սակայն զրկվելով հաշմանդամության կարգից՝ նրանք զրկվել են նաև արտոնություններից:

«ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի հրամանով փորձնական ծրագիր է արվում, որպեսզի հաշմանդամ չճանաչված անձանց և նրանց, ովքեր բուժման կարիք ունեն տրամադրվի վերականգնողական անհատական բուժում։ Այդ անձինք պետական պատվերի շրջանակում ստանում են բուժում, որպեսզի ամբողջությամբ վերականգնվեն և հաշմանդամության համար այլևս չդիմեն»,- նշեց Անուշ Սիմոնյանը և հավելեց, որ մոտ 1078 անձ հրաժարվել է հաշմանդամության կարգից և չի ցանկացել պետպատվերով բուժում ստանալ։

Ծրագիրն իրականացվում է հոկտեմբերի 16-ից։ «Դեկտեմբերի 1-ի տվյալներով՝ արդեն 100 մարդ բուժում է ստանում և բոլորը գոհ են իրենց մատուցված ծառայություններից»,- շեշտեց ՀՀ ԲՍՓ գործակալության համակարգող-խորհրդատուն։

Իր հերթին «Ունիսոն» ՀԿ-ի ղեկավարը նշում է, որ Հայաստանում պաշտոնապես գրանցված 210 հազար հաշմանդամություն ունեցող անձանցից ներկայում հաշմանդամ է ճանաչվում 196 հազարից էլ քիչ։ «Այդ գործընթացը շատ արագ է զարգանում և մոտ 20 տարի հետո, երևի հաշմանդամություն ունեցող անձ Հայաստանում չի լինի։ Սա այդքան էլ ուրախալի լուր չէ, քանի որ խոսքը գնում է գրանցվածների թվի նվազման մասին, այլ ոչ թե խնդրի վերացման»,- նշեց Ալավերդյանը։

Խոսելով հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների առնչվող ՄԱԿ-ի կոնվենցիայի կամընտիր արձանագրությունների վավերացման մասին, Արմեն Ալավերդյանը նշեց, որ դրանց վավերացումն անհրաժեշտություն է: ՄԱԿ-ի՝ Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին կոնվենցիան Հայաստանը վավերացրել է 2010 թվականին, սակայն կամընտիր արձանագրությունները՝ դեռ ոչ։ «Կոնվենցիայի վավերացումից հետո որոշակի քայլեր արվել են, բայց չեմ կարող ասել, որ Հայաստանում հաշմանդամություն ունեցող անձանց կյանքում դրա կիրառումն ինչ-որ բան է փոխել»,- ընդգծեց Ալավերդյանը։

Հանրային վերաբերմունքի մասին խոսելիս ՀԿ-ի ղեկավարն ասաց, որ փոփոխություն նկատում է, բայց դեռևս լիարժեք չէ։ «Մոտ 20 տարի առաջ սայլակով մարդկանց տեսնելիս մտածում էին, թե ողորմություն է խնդրում, իսկ այսօր այդ մարդիկ աշխատում են և գերլարված հայացքներն արդեն ավելի քիչ են»,- նկատեց Արմեն Ալավերդյանը։

Զբաղվածության մասին խոսելիս, նա նշեց, որ մոտ 2 տարի առաջ թեև նկատվել է առաջընթաց, բայց աշխատունակ տարիքում գտնվող հաշմանդամություն ունեցող անձանց 8-9 տոկոսն է դեռևս աշխատում։

Դեկտեմբերի 3-ը 1992 թվականից ՄԱԿ-ը հռչակել է որպես հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օր։ Դեկտեմբերի 3-ին կամ դրա նախօրեին ամբողջ աշխարհում միջոցառումներ են իրականացվում՝ համաժողովներ, իրազեկվածության այլ նախաձեռնություններ, որոնք միտված են հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին բարձրաձայնելուն։

Հետևեք մեզ նաև Telegram-ում