ԱԺ-ն ընդունեց զինծառայությունից խուսափած անձանց գումարի դիմաց պատասխանատվությունից ազատելու նախագիծը

ԱԺ-ն ընդունեց զինծառայությունից խուսափած անձանց գումարի դիմաց պատասխանատվությունից ազատելու նախագիծը

Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց զինվորական ծառայությունից խուսափած և 27 տարին լրացած անձանց գումարի դիմաց քրեական պատասխանատվությունից ազատելու մասին օրենքի ժամկետը ևս երկու տարով երկարաձգելու նախագիծը: Նախագծին միաձայն կողմ քվեարկեց 89 պատգամավոր:

Քվեարկությունից առաջ վարման կարգի վերաբերյալ ելույթ ունեցավ Ազգային ժողովի «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը: Նա նշեց, որ իրենց մտահոգում են օրենքում առկա որոշ դրույթներ, ինչպես նաև այն հանգամանքը, որ գումարի շեմն է որոշակի բարձրանում, բայց կողմ են քվեարկելու:

ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Արտակ Զաքարյանը դեկտեմբերի 5-ին կայացած քննարկումների ընթացքում հայտնել է, որ օրենքը երկարաձգվում է վերջին անգամ և կգործի մինչև 2019թ. Դեկտեմբերի 31-ը: Դրանից հետո այն այլևս չի երկարաձգվելու, քանի որ տարիների ընթացքում դարձել է բանակից խուսափել ցանկացողների համար լավ հնարավորություն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում