Պետք է մերժել բռնությունը ընտանիքում, խորհրդարանում, հասարակությունում եւ այլ հարաբերություններում

Պետք է մերժել բռնությունը ընտանիքում, խորհրդարանում, հասարակությունում եւ այլ հարաբերություններում

Որեւէ նորմալ մարդ չի կարող կողմ լինել բռնությանը, առավել եւս՝ ընտանիքում: ԱԺ-ում ընտանեկան բռնության դեմ օրենքի նախագծի վերաբերյալ քննարկման ժամանակ այս մասին ասաց ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը:

«Նախագծի նախնական տարբերակում խնդրահարույց կետեր կային, այսօր կարող եմ ասել, որ դրանք դուրս են եկել, սակայն այնպես չէ, որ ամբողջովին կողմ ենք: Խնդրում եմ՝ թող ոչ ոք չմտածի, որ ՀՀԿ-ն, կամ ես կողմ ենք բռնությանը: Ես մերժում եմ բռնությունը ընտանիքում, խորհրդարանում, հասարակությունում եւ այլ հարաբերություններում, եւ սա հստակ փաստ է: Երկրորդ՝ ավանդական ընտանիքի հետ կապված, այո, սա իմ առաջարկն է, որը ֆիքսված է մեր Սահմանադրության մեջ, եւ դա բխում է իմ աշխարհընկալումից: Յուրաքանչյուր քաղաքական գործիչ ունի իր կարծիքը, իսկ ավանդական ընտանիքը, ըստ իս, տղամարդու եւ կնոջ սիրո, համերաշխության եւ հարգանքի վրա հիմնված ընտանիքն է, այլ բաներ պետք չէ այստեղ փնտրել»,-եզրափակեց ԱԺ փոխխոսնակը:

ՀՀ խորհրդարանում ընթանում են «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքի նախագծի քննարկումները: Օրենքի նախագիծը պատգամավորների քննարկմանը ներկայացրել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Վիգեն Քոչարյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում