Էյջի Տագուչին Հայաստանի բազմավեկտոր քաղաքականությունը առավելություն է համարում ճապոնական ընկերությունների համար
Նմանատիպ
Հայաստանը եւ Ճապոնիան Եվրամիության միջոցով կկարողանան ավելի սերտ համագործակցության ուղիներ փնտրել: Լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Հայաստանում Ճապոնիայի դեսպան Էյջի Տագուչին:
«Միգուցե, ոչ բոլորը գիտեն, որ նախորդ շաբաթ Ճապոնիան նույնպես ԵՄ հետ ստորագրեց համաձայնագիր, որը կոչվում է տնտեսական համագործակցության համաձայնագիր: Դա էլ եւս մեկ նմանություն է երկու երկրների միջեւ (Հայաստանի և Ճապոնիայի- հեղ.): Ես գիտեմ, որ Հայաստանը Եվրասիական տնտեսական միության անդամ է, եւ ուզում եմ ասել, որ Ռուսաստանը Ճապոնիայի համար կարեւոր տնտեսական գործընկեր է, մենք ունենք լավ տնտեսական հարաբերություններ: Հայաստանն իսկապես եզակի դիրք ունի, քանի որ լինելով ԵԱՏՄ անդամ, նաեւ համաձայնագիր է ստորագրել Եվրամիության հետ: Եվ դա ճապոնական ընկերությունների համար որոշակի առավելություն է»,-ասաց նա:
Դեսպանը հատկանշական համարեց նաեւ այն, որ Հայաստանում հատկապես երիտասարդ սերունդը լավ տիրապետում է եւ ռուսերենին, եւ անգլերենին, ինչը օտարերկրացի ներդրողի համար եւս շատ կարեւոր է:
«Սա մեծ առավելություն է՝ ներդրողների կամ այն կազմակերպություննների համար, ովքեր ցանկանում են արտադրություն կամ դուստր կազմակերպություն հիմնել Հայաստանում»,-ասաց Էյջի Տագուչին:
Բրյուսելում նոյեմբերի 24-ին ստորագրվեց Հայաստանի Հանրապետության եւ Եվրոպական միության միջեւ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը: ԵՄ Արեւելյան գործընկերության գագաթնաժողովի շրջանակներում փաստաթուղթը ստորագրեցին ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը եւ ԵՄ արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին՝ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի և Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի ներկայությամբ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում