Ռաֆայել Իսախանյան. «Հայաստան-Ադրբեջան խաղաղության քաղաքացիական պլատֆորմ»-ը խաբեություն է

Ռաֆայել Իսախանյան. «Հայաստան-Ադրբեջան խաղաղության քաղաքացիական պլատֆորմ»-ը խաբեություն է

Հայազգի գործարար, տնտեսագետ Ռաֆայել Իսախանյանը խաբեություն է համարում «Հայաստան-Ադրբեջան խաղաղության քաղաքացիական պլատֆորմ»-ը և համաձայն չէ դրա, այսպես ասած, կանոնադրության կետերի հետ:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 30-ին Թբիլիսիում անցկացվել է «Հայաստան-Ադրբեջան խաղաղության քաղաքացիական պլատֆորմ»-ի առաջին համագումարը, որի համանախագահներից մեկն ընտրվել է Ռաֆայել Իսախանյանն, ի դեպ, առանց իր գիտության:

Aysor.am-ի հետ հարցազրույցում Պյատիգորսկում բնակվող Ռաֆայել Իսախանյանը պատմել է, որ 2004 թ. Ստավրոպոլի երկրամասի լիազոր ներկայացուցչի առաջարկով այցելել էր Ադրբեջան և Հայաստան, որպեսզի քննարկի հայ և ադրբեջանցի գործարարների միջև համագործակցության հաստատման հնարավորությունը:

Նրա խոսքով` հետագայում տեղի է ունեցել արդբեջանցի զինծառայող Ռամիլ Սաֆարովի կողմից հայ սպա Գուրգեն Մարգարյանի սպանությունը:

«Նրան հետո հերոսի կոչում տվեցին: Ինչպիսին ժողովուրդն է` այնպիսին էլ հերոսն է: Ամեն ինչ ընդհատվեց: Երբ ինձ այս անգամ զանգահարեցին, ես կարծում էի, որ զանգում են նույն առիթով (հայ ու ադրբեջանցի գործարարների հնարավոր համագործակցության)», – նշել է նա:

Ռաֆայել Իսախանյանը պատմել է, որ մասնակցել է Թբիլիսիում տեղի ունեցած միջոցառմանը «Skype»-ի միջոցով:

«Միջոցառման ընթացքում ոչ մի բառ չի ասվել այն մասին, որ կա կանոնադրություն ու ինչ-որ կետեր: Նրանք ոչինչ չեն ուղարկել: Ես ահա նոր եմ տեսել այդ կանոնադրությունն ու այն կետերը, որոնք վերաբերում են ինչ-որ շրջանների ազատմանը: Չեմ կարծում, որ սա խաղաղության հարթակ է, սա թաքնված իմաստ ունեցող… թե ինչ է` դեռ պետք է պարզել», – ասել է Ռ. Իսախանյանը:

Նա ընդգծել է, որ չի իմացել այս պլատֆորմի համանախագահ ընտրվելու մասին:

«Երբ կարդում ես վերնագիրը` շատ լավ բան է, բայց երբ կարդում ես կետերը… Եթե իսկապես խաղաղություն եք ուզում, ապա կարելի է համագործակցել բիզնեսի, սպորտի, մշակույթի ոլորտներում: Ես խաղաղասեր եմ, իսկ ինչ-որ շրջաններ ազատելու մասնագետ չեմ: Կարծում եմ` նրանք ևս մասնագետներ չեն»,- ասել է Ռաֆայել Իսախանյանը:

Նա նաև հայտարարել է, որ ադրբեջանցիներն իրենք իրենց հակասում են, հայտարարելով, որ պլատֆորմում չկան քաղաքական գործիչներ, այն դեպքում, երբ ադրբեջանական կողմից համանախագահ է ընտրվել խորհրդարանի պատգամավորը:

«Ես ինձ խաբված եմ զգում, բայց մյուսներին էլ է պետք բացատրել, որ սա խաբեություն է: Ես մի կերպ կդիմանամ, բայց այնտեղ կան շատ ուրիշ խաբվածներ ևս», – ընդգծել է Ռաֆայել Իսախանյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում