Կորյուն Նահապետյանը բանակի նկատմամբ հանրության մեծ վստահությունն անհրաժեշտություն է համարում

Կորյուն Նահապետյանը բանակի նկատմամբ հանրության մեծ վստահությունն անհրաժեշտություն է համարում

Հայաստանի Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը համոզված է, որ հանրության մոտ զինված ուժերի նկատմամբ պետք է մեծ վստահություն լինի: Ազգային ժողովում «Խորհրդարանական վերահսկողությունը զինված ուժերի նկատմամբ» խորագրով միջազգային սեմինարի ընթացքում Կորյուն Նահապետյանը շեշտեց, որ ՀՀ խորհրդարանը կարող է լինել այն կամուրջը, որը հանրության մոտ կսերմանի վստահության բարձր մակարդակ զինված ուժերի նկատմամբ: «Ես կարծում եմ, որ մենք պետք է լինենք զինված ուժերի լավագույն ընկերը մեր խորհուրդներով, մեր մոտեցումներով, որովհետև ինքներս ենք շահագրգռված ու նաև պատասխանատու, որպեսզի պաշտպանության ոլորտում արդյունավետ կառավարում իրականացվի»,- նշեց Կորյուն Նահապետյանը:

Պատգամավորն ընդգծեց, որ ԶՈՒ նկատմամբ արդյունավետ վերահսկողություն իրականացնելու համար անհրաժեշտ է երեք կարևոր բան ունենալ՝ լիազորություն, ամբիցիա և կարողություններ: «Լիազորությունները մենք ունենք, թեև ես կարծում եմ, որ վերահսկողությունն արդյունավետ իրականացնելու նոր մեխանիզմների անհրաժեշտություն կա: Ամբիցիան և կարողությունները ևս շատ կարևոր են: Կարևոր է նաև, որպեսզի մենք կարողանանք զարգացնել այդ կարողությունները և դրա արդյունքում ունենանք խորհրդարան-զինված ուժեր-հասարակություն կապն ապահովելու արդյունավետ մեխանիզմներ»,- ընդգծեց պատգամավորը:

Կորյուն Նահապետյանն ավելացրեց, որ զինված ուժերի նկատմամբ խորհրդարանական վերահսկողությունն անհրաժեշտություն է, որը բխում է ողջ հանրության շահերից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում