ՀՀ գյուղնախարարն Ուզբեկստանի փոխվարչապետի հետ քննարկել է համագործակցության հեռանկարները

ՀՀ գյուղնախարարն Ուզբեկստանի փոխվարչապետի հետ քննարկել է համագործակցության հեռանկարները

ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը Ուզբեկստան կատարած աշխատանքային այցի ընթացքում դեկտեմբերի 14-ին հանդիպում է ունեցել երկրի փոխվարչապետ, գյուղատնտեսության և ջրային տնտեսության նախարար Զոիր Միրզաևի հետ: Այս մասին տեղեկացրին ՀՀ գյուղատնտեսության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից:

Երկու երկրների պաշտոնյաները քննարկել են Հայաստանի և Ուզբեկստանի միջև ագրարային ոլորտում համատեղ փոխշահավետ ծրագրերի իրականացման և համագործակցության զարգացման հարցեր:

Նախարար Իգնատի Առաքելյանն ընդգծել է, որ հայկական կողմը պատրաստ է ուսումնասիրել բոլոր ներդրումային առաջարկները, և այս տեսանկյունից հայկական շուկան բաց է բոլոր հետաքրքրված անձանց համար:

Որպես փոխգործակցության զարգացման առավել նպատակահարմար ուղղություններ` ՀՀ գյուղատնտեսության նախարարը շեշտադրել է պտուղ-բանջարեղենի և կաթի վերամշակումը, ոռոգման և կարկտապաշտպան նորագույն տեխնոլոգիաների ներդրումը, ինտենսիվ այգիների հիմնումը: Իգնատի Առաքելյանը հավելել է, որ Հայաստանում իրականացվում է գյուղտեխնիկայի լիզինգի պետական աջակցության ծրագիր, և ուզբեկական ընկերությունները նույնպես կարող են մասնակցություն ունենալ: Նախարար Առաքելյանը կարևորել է երկու երկրների մասնագետների և գործարարների միջև կապերի աշխուժացման, փորձի փոխանակման և լավագույն փորձի տեղայնացման անհրաժեշտությունը` նշելով, որ հայ գործարարների համար կարող են հետաքրքրական լինել պտուղ-բանջարեղենի չորացման Ուզբեկստանում կիրառվող տեխնոլոգիաները: Նախարար Իգնատի Առաքելյանը Զոիր Միրզաևին հրավիրել է այցելել Հայաստան` տեղի գյուղատնտեսությանը ծանոթանալու և հետագա համագործակցության ծրագրեր քննարկելու նպատակով:

Ուզբեկստանի փոխվարչապետ, գյուղատնտեսության և ջրային տնտեսության նախարար Զոիր Միրզաևն վերահաստատել է պատրաստակամությունը շարունակել զարգացնել Հայաստանի հետ հարաբերությունները գյուղատնտեսության ոլորտում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում