Մեծ հաշվարկների ու տվյալների զարգացմանը զուգահեռ Հայաստանում կզարգացվի նաև ամպային տեխնոլոգիան

Մեծ հաշվարկների ու տվյալների զարգացմանը զուգահեռ Հայաստանում կզարգացվի նաև ամպային տեխնոլոգիան

 Սուպեր համակարգիչը` հայ-ֆրանսիական համագործակցության արդյունք

1997-98-ին, երբ ինտերնետ կապը նոր-նոր էր մուտք գործել Հայաստան, ԵՊՀ ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի ուսանող Հրաչյա Ասցատրյանն օգնում էր, որ գիտակրթական կազմակերպությունները ևս միանան ինտերնետ կապին: Կարճ ժամանակ անց գիտակրթական ցանցում տեղադրված սերվերները գործի դրվեցին նաև գիշերային ժամերին` որոշ հաշվողական խնդիրներ լուծելու համար:

Գիտական կոմպլեքս խնդիրների լուծման համար տեղաբաշխված հաշվողական համակարգերի անհրաժեշտությունը տեսնելով դեռ այդ ժամանակվանից` Հրաչյա Ասցատրյանը նպատակ դրեց` ամեն ինչ անել` Հայաստանում այդ ուղղությունը զարգացնելու համար: «Ժամանակակից գիտության զարգացման համար մեծ հաշվարկների ու մեծ տվյալների կարևորությունն ԱՄՆ-ում հասկացել են դեռ 2004-ին. նախագահ Ջորջ Բուշին ուղղված նամակում ասվում էր, որ մրցունակ տնտեսություն ունենալու համար պետք է զարգացնել այս ուղղությունները: Մի քանի տարի անց Microsoft ընկերությունը ևս կենտրոնանում է մեծ տվյալների (Big Date) վրա: Հայաստանի որոշ բուհերում` ԵՊՀ-ում, ԵՊՃՀ-ում, տարբեր նախագծերի շրջանակում նման համակարգեր ենք ստեղծել: Հայաստանում Ֆրանսիական համալսարանը ևս շուտով կմիանա նրանց: Ֆրանսիական կողմի հետ արդեն 18 տարի է, ինչ համագործակցում ենք: Մեծ հաշվարների ուղղությամբ այնտեղ ահռելի աշխատանք է տարվել և եթե ամեն ինչ ըստ պլանավորածի ընթանա, ֆրանսիական կողմը շուտով մեզ մի քանի միլիոն արժողությամբ սուպեր համակարգիչ կտրամադրի: Դրա համար հիմա բանակցում ենք ՀՀ կառավարության հետ, քանի որ դրա տեղափոխումն ու շահագործումը ևս մեծ ծախսերի հետ է կապված»,-ասում է Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտի գիտաշխատող Հրաչյա Ասցատրյանը:

12 հազար միջուկից կազմված սուպեր համակարգիչը տարբեր ոլորտների հրատապ լուծում պահանջող խնդիրներ կարող է լուծել` կլինի եղանակի, բերքի կանխատեսման, օդի աղտոտվածության գնահատման, թե այլ: Սպասվող գերհզոր համակարգչի օգնությամբ գիտական ու սոցիալական տարբեր հարցեր լուծելու համար Արտակարգ իրավիճակների և Բնապահպանության նախարարությունների հետ արդեն հուշագիր է ստորագրվել:

Սուպեր համակարգչի առկայությունը, ինչ խոսք, բազմաթիվ խնդիրների լուծում կտա, բայց ժամանակակից գիտությունից հետ չմնալու և զարգացած տնտեսություն կառուցելու համար, Հրաչյայի վստահեցմամբ, մեծ հաշվարկների ու մեծ տվյալների կիրառությունը մասսայական պետք է դառնա: «Կան խնդիրներ, որոնք ժամանակ են պահանջում, օրինակ` կլիմայի փոփոխությունը հետազոտելու համար նվազագույնը 100 տարվա շարք պետք է ուսումնասիրել, եղանակի կանխատեսման համար ևս բազմաթիվ համակարգիչներ են պետք, ու, առհասարակ, մոդելավորման հետ կապված բոլոր խնդիրները մեծ թվով համակարգիչների կամ սուպեր համակարգչի օգնությամբ են լուծվում, քանի որ հսկայական ծավալի աշխատանքի մասին է խոսքը»,-ասում է ինստիտուտի գիտաշխատողը: Այդպես խնդիրը բաժանվում է ենթախնդիրների ու լուծելու հրահանգ տրվում ցանցի մեջ գտնվող տարբեր համակարգիչների:

Տվյալների վերլուծությունը` գիտական նոր ուղղություն Հայաստանում

Հայաստանում ոչ միայն համակարգչային մոդելավորման զարգացման, այլև ինֆորմացիայի պահպանման հուսալի ռեսուրսներ են ուզում ստեղծել: Նոր տեխնոլոգիաները, ինչպես օրինակ` ամպային տեխնոլոգիան, տվյալների ու գաղտնի տեղեկությունների պահպանման համար վստահելի ռեսուրս պետք է դառնա ու լայնորեն օգտագործվի բոլոր գերատեսչություններում ու խոշոր ընկերություններում: Որ շուտով դրա կարևորությունը կզգացվի, Հրաչյա Ասցատրյանը չի կասկածում. «Ուզում ենք այդ ռեսուրսների հիման վրա ստեղծել մեր պլատֆորմը, մեր տեխնոլոգիաները, քանի որ, վաղ թե ուշ, դրա անհրաժեշտությունը կլինի: Այսօր տարբեր երկրներ արգելում են տեղում ստեղծված տվյալները պահել երկրից դուրս գտնվող ռեսուրսում` այլ երկրներում տեղակայված սերվերների վրա, և շատ հնարավոր է` մեզ մոտ էլ շուտով արգելվի: Ուրեմն ինչո՞ւ չունենանք մեր սեփականը` առավելևս, որ տվյալների փոխանցումն ավելի թանկ արժե, քան դրանք գեներացնելը»:

Սեփական պլատֆորմը ստեղծելու համար «Էրասմուս» ծրագրի շրջանակում համապատասխան մասնագետներ կպատրաստվեն Ֆրանսիայում, ովքեր կփորձեն մոդելներ մշակել հոսանքի ծախսի նվազեցման, կլիմայական փոփոխության գնահատման և այլ խնդիրների լուծման համար:

Իսկ մինչ այդ, Հայաստանում կփորձեն զարգացնել մեկ այլ ուղղություն` տվյալների վերլուծությունը` Date analytics-ը, որն ինչպես Հայաստանում, այնպես էլ աշխարհում գիտական նոր ուղղություն է, իսկ էությունը տվյալների բազայից անհրաժեշտ ինֆորմացիան քաղելն է:

Լիլիթ ՊՈՂՈՍՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում