Սարգիս Մկրտչյանը՝ Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տան առաջնության եզրափակիչ մրցաշարի հաղթող

Սարգիս Մկրտչյանը՝ Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տան առաջնության եզրափակիչ մրցաշարի հաղթող

Երևանում ավարտվեց Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տան առաջնության եզրափակիչ մրցաշարը, որին մասնակցում էին 56 շախմատիստ, այդ թվում՝ երեք ՖԻԴԵ-ի վարպետ:

Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան: Մրցաշարին մասնակցության իրավունք ունեին 2201 և ավելի ազգային կամ միջազգային վարկանիշ ունեցող, ինչպես նաև կիսաեզրափակիչ մրցաշարում իրավունք ստացած շախմատիստները:

Մրցաշարի արդյունքներով մեկ շախմատիստ իրավունք էր ստանալու մասնակցելու Հայաստանի 79-րդ առաջնության առաջին խմբի մրցաշարին: Հաղթողի կոչման և կարևորագույն մրցաշարի ուղեգրի համար ընթացավ լարված և անզիջում պայքար: Վերջին տուրից առաջ Սարգիս Մկրտչյանը և Արթուր Դավթյանը վաստակել էին 7-ական միավոր և գլխավորում էին աղյուսակը: Երեք շախմատիստ՝ Տիգրան Սարգսյանը, Արեգ Շմավոնյանը և Գարիկ Մարտիրոսյանը, իրենց ակտիվում ունեին 6-ական միավոր և կիսում էին 3-5-րդ հորիզոնականները: Վերջին տուրում Արթուր Դավթյանի մրցակիցն էր Գարիկ Մարտիրոսյանը, իսկ Սարգիս Մկրտչյանը մրցում էր Տիգրան Սարգսյանի հետ: Վճռորոշ տուրում երկու առաջատարներն էլ պարտություն կրեցին: Արդյունքում՝ Սարգիս Մկրտչյանը, Տիգրան Սարգսյանը, Արթուր Դավթյանը և Գարիկ Մարտիրոսյանը վաստակեցին 7-ական միավոր և կիսեցին 1-4-րդ հորիզոնականները:

Լրացուցիչ ցուցանիշների հաշվարկից հետո մրցաշարի հաղթող դարձավ Սարգիս Մկրտչյանը և նվաճեց Հայաստանի 79-րդ առաջնության առաջին խմբի մրցաշարի մասնակցության իրավունք: Տիգրան Սարգսյանը դարձավ երկրորդը, իսկ Արթուր Դավթյանը եզրափակեց լավագույն եռյակը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում