Հայաստանի տնտեսությունն ավելի ցածր գնաճային տիրույթում է, քան տարածաշրջանի մի շարք երկրներում
Նմանատիպ
Հայաստանում առկա գնաճային գործընթացները տարածաշրջանի մյուս երկրների համեմատ ավելի բարվոք վիճակում են: Լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ինովացիոն և ինստիտուցիոնալ հետազոտությունների կենտրոնի ղեկավար, տնտեսագետ Ատոմ Մարգարյանը: «Մեզ մոտ պատկերը բավականաչափ տպավորիչ է, ավելի ցածր գնաճային տիրույթում է մեր տնտեսությունը, քան օրինակ, ԵԱՏՄ երկրներինը, Թուրքիայինը և Իրանինը»,-ասաց տնտեսագետը:
Անդրադառնալով հարցադրմանը, թե կա արդյոք նոր թանկացումների վտանգ`ի հաշիվ գնաճային սպասումների, Ատոմ Մարգարյանը նկատեց. «Միշտ էլ այդ ռիսկերը կան, բայց դրանց ազդեցությունը սահմանափակ է: Սպառողը ընդհանրապես հակված է ռացիոնալ վարքագծի, երբ գները բարձրանում են, նա որոշակիորեն սահմանափակում է տվյալ ապրանքի սպառումը` դիվերսիֆիկացնում է իր սպառումը, փոխադրում է այլ ապրանքների վրա, փորձում է ռացիոնալացնել ու օպտիմալացնել իր ծախսերը»: Ինչը, սակայն, ըստ տնտեսագետի, վաճառողի համար ևս կարող է խնդիր ստեղծել, քանի որ մարդիկ սահմանափակում են սպառումը և նրանց վաճառքի ծավալներն են ընկնում: Այստեղ Ատոմ Մարգարյանը հարց է բարձրացնում` արդյոք արժե մասշտաբի էֆեկտը զոհել ավելի շատ շահույթ ստանալուն, թե այնուամենայնիվ մասշտաբի էֆեկտից ստանալ ավելի բարձր եկամուտներ:
Տնտեսագետը կողմ է, որ առկա խնդիրները քննարկվեն կլոր սեղանների շուրջ, տարբեր հարթակներում, բայց ոչ հանրահավաքների ու ցույցերի ժամանակ: «Դա պարզապես քաղաքական դիվիդենտներ հավաքելու նպատակ է հետապնդում»,-հավելեց նա:
ՏՄՊՊՀ մանիտորինգի համաձայն` ընթացիկ տարվա հունվարի մեկից 1 լիտր բենզինը թանկացել է 20, դիզելային վառելիքը 60, իսկ բնական սեղմված գազի 1խմ-ը 20 դրամով: Հանձնաժողովի կատարած ուսումնասիրությունները ցույց են տվել, որ 2018 թվականի հունվարին բենզինի, դիզելային վառելիքի և սեղմված բնական գազի գնային բարձրացումները ամբողջությամբ պայմանավորված են 2018 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ մտած Հարկային օրենսգրքով նախատեսված փոփոխություններով:
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը հունվարի 10-ին խորհրդակցություն է անցկացրել` հանրապետությունում առանձին ապրանքատեսակների գների բարձրացման և դրա հետևանքների հնարավոր մեղմմանն ուղղված լուծումների քննարկման նպատակով և տվել մի շարք հանձնարարականներ պատասխանատու գերատեսչություններին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում