Պյոտր Սվիտալսկին Հայաստանի ապագայի համար չափազանց կարեւոր է համարում կոռուպցիայի դեմ պայքարը

Պյոտր Սվիտալսկին Հայաստանի ապագայի համար չափազանց կարեւոր է համարում կոռուպցիայի դեմ պայքարը

Եվրամիությունն, անկասկած, ցանկանում է համագործակցել հայաստանյան գործընկերների՝ կառավարության և քաղհասարակության հետ, առաջին հերթին՝ օգնելու լուծել բոլոր այն խնդիրները, որոնք առաջանում են ժողովրդավարություն և իրավունքի գերակայություն տանող ճանապարհին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ 5 քաղհասարակության ներկայացուցիչների հետ դրամաշնորհային պայմանագրեր ստորագրելուց հետո լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին:

«Այդ ճանապարհը պարզ չէ, հեշտ չէ, երբեմն այն լի է խոչընդոտներով, ակոսներով, որոշ դեպքերում նաև՝ շեղումներով և հետադարձներով։ Եվրոպական փորձն այսօր ապացուցում է, որ ժողովրդավարության և իրավունքների գերակայության նկարագիրը բավականին պարզ է, բայց այն աշխատանքը, որ արվել է դրա հետևում, նրա շատ ավելի ծավալուն է։ Չկա կատարյալ ժողովրդավարության հասնելու մեկ մոդել, չկա դատաիրավական կամ դատական իշխանության մեկ լավագույն մոդել. դա պետք է գտնի Հայաստանը, և ԵՄ-ն որևէ բան չի պարտադրում, որևէ համընդհանուր մոդել չկա, պարզապես ցանկանում ենք օգնել՝ կիսվելով փորձով, գործիքներով, ստանդարտներով, հենանիշներով, համեմատության ելակետերով»,- ասաց նա։ Անդրադառնալով կոռուպցիայի դեմ պայքարին՝ նա ասաց, որ գոհ է ՀՀ կառավարության օրենսդրական նախաձեռնություններից:

«Խոսքը վերաբերում է ընտրական կոռուպցիայի, ձայների գնման, վարչական ռեսուրսների չարաշահման, ինչպես նաև՝ սպառնալիքներ օգտագործելու գործընթացների կարգավորման համար ստեղծված նոր օրենսդրական դրույթներին։ Սա ցույց է տալիս, որ մեր երկխոսությունը շարժվում է ճիշտ ուղղությամբ, քանզի վերջին ընտրություններից հետո ԵԱՀԿ-ի հաշվետվության մեջ նշվել է, այս ուղղությամբ բանավեճեր են եղել նաև ԵԽ-ում, եվրոպական այլ հաստատություններում՝ ևս մեկ անգամ փաստելով, որ ՀՀ կառավարությունը, առանց սպասելու հաջորդ ընտրություններին, նախաձեռնողականորեն անցել է խնդրի լուծմանը, ինչը ցույց է տալիս, որ երկխոսությունը կառուցողական է, դրական, և մենք ողջունում ենք այս զարգացումները։ Հավատացած ենք, որ ընդունումից և իրականացումից հետո, ընտրությունները կդառնան ավելի մաքուր, արդար և ավելի լավը, ինչը, կարծում եմ՝ բոլոր հայերն ուզում են։ Հետևաբար, ես մեծապես խրախուսում եմ դա»,-ընդգծեց նա:

Պյոտր Սվիտալսկին նաեւ տեղեկացրեց, որ Եվրամիությունը նաեւ ֆինանսական գործիքներով է աջակցելու հակակոռուպցիոն նախաձեռնություններին. «Միջոցառումները, որոնք վերաբերում են կոռուպցիայի դեմ պայքարին, մոտ 20 մլն եվրո ՀՀ բյուջեին աջակցության մի մասն են կազմում։ Այդ մասը վերաբերում է վարչարարության բարելավմանը, պետական կառավարմանը։ Մենք պատրաստ ենք ձեզ օգնել այդ պայքարում։ Կոռուպցիայի դեմ պայքարը չափազանց կարևոր է Հայաստանի ապագայի համար։ Մենք շատ ուրախ ենք, որ հայ իշխանություններն այսօր շատ հաճախ են բարձրացնում այդ հարցը, խոսում են, թե ինչ ծախսեր են անհրաժեշտ այդ նպատակին հասնելու համար, ինչը շատ լավ է, որովհետև կոռուպցիայի խնդիրը Հայաստանում այլևս տաբու չէ, բոլորն ընդունում են, որ այդ խնդիրը կա, քննարկում են դրա լուծման տարբերակները, ինչը ուսուցանելի է այլ երկրների համար։ Նույնիսկ, եթե անհամբեր եք արդյունքների տեսանկյունից, միևնույն է, արդեն օրինակելի փորձ ստեղծել եք»,-ասաց Պյոտր Սվիտալսկին եւ հավելեց, որ հավատում է, որ Հայաստանն ունի ներուժն հաջողության հասնելու համար։

«Հանրությունը պետք է այս ամբողջ նախաձեռնության մասը լինի, միայն կառավարությունը չէ։ Հանրությունը պետք է ստեղծի անհանդուրժողականության միջավայր կոռուպցիայի հանդեպ, առանց դրա որևէ կառավարություն հաջողության չի հասնի, հավատացեք»,-եզրափակեց նա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում