«Հայկական ժամանակ». Ֆինանսական միջոցներ կուտակել եմ մինչև պետական կառավարման համակարգում պաշտոն ստանձնելը. Ավետիս Բերբերյան

«Հայկական ժամանակ». Ֆինանսական միջոցներ կուտակել եմ մինչև պետական կառավարման համակարգում պաշտոն ստանձնելը. Ավետիս Բերբերյան

Նախագահ Սերժ Սարգսյանի օգնական Ավետիս Բերբերյանը Կոտայքի մարզի Արզնի համայնքում գարեջրի գործարան և ռեստորան է կառուցում: Գործարանի և ռեստորանի կառուցման պատվիրատուն, «Հետք»-ի փոխանցմամբ, «Բիթեր Ռիվեր» ՍՊԸ-ն է:

Պետռեգիստրի տվյալների համաձայն, նշյալ ՍՊԸ-ի բաժնետերերից մեկը Եղիսաբեթ Շմավոնյանն է՝ Ավետիս Բերբերյանի մայրը: Տիկին Եղիսաբեթը թոշակառու է, 68 տարեկան:

«Հայկական ժամանակ»-ն Ավետիս Բերբերյանից հետաքրքրվել է, թե ի՞նչ միջոցներով է նրա մայրը նման ներդրումներ կատարում, արդյոք հնարավո՞ր է պետական համակարգում աշխատելով՝ խոշոր դրամական միջոցներ կուտակել:

«Ֆինանսական միջոցներ կուտակել եմ մինչև պետական կառավարման համակարգում պաշտոն ստանձնելը, որոնք արտացոլված են իմ հայտարարագրերում՝ 2011 թվականից սկսած:

Ընտանիքիս անդամներից կնոջս, որդուս և մասնավորապես՝ մորս կողմից կատարվող ներդրումների համար ֆինանսավորման աղբյուր են հանդիսանում բացառապես իմ կողմից տրված նվիրատվությունները և ներգրավված վարկային միջոցները, որոնք նույնպես կարտացոլվեն 2017 թվականի հայտարարագրերում»,-թերթի գրավոր հարցմանն ի պատասխան նշել է Բերբերյանը:

Բերբերյանը Սերժ Սարգսյանի օգնականն է 2011 թվականից, մինչ այդ ղեկավարել է իր սեփական «Կայմ» հեռուստաընկերությունը»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում