ԱԺ-ում մեկնարկել են գենետիկորեն ձևափոխված օրգանիզմների թեմայով խորհրդարանական լսումները. ՈՒՂԻՂ

ԱԺ-ում մեկնարկել են գենետիկորեն ձևափոխված օրգանիզմների թեմայով խորհրդարանական լսումները. ՈՒՂԻՂ

Ազգային ժողովի նիստերի դահլիճում մեկնարկել են «Գենետիկորեն ձևափոխված օրգանիզմներ՝ այլընտրանք թե պարտադրանք» թեմայով խորհրդարանական լսումները: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, լսումները հրավիրել է ՀՀ Ազգային ժողովի տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովը:

ՀՀ Ազգային ժողովի տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդևան Գրիգորյանն ընդգծեց, որ նախորդ գումարման Ազգային ժողովը քննարկել է «Գենետիկորեն ձևափոխված օրգանիզմների գործածության կենսաանվտանգության մասին» օրենքի նախագիծը, որն առաջին ընթերցմամբ ընդունվել է, սակայն 2017թ. կառավարության կողմից հետ է վերցվել: «Խնդիրը կրկին հրապարակ բերեցին ամերիկյան «Մոնսանտո» ընկերության գործունեության հետ կապված իրարամերժ մոտեցումները և ընդհանրապես հասարակության կոմերցիոն և գիտական շրջանակներում իշխող հասարակական տրամադրությունները: Կնճռոտ խնդրի վրա լույս սփռելու նպատակ են հետապնդում մեր այսօրվա լսումները»,- ասաց Գրիգորյանը:

Նա հայտնեց, որ լսումներին մասնակցելու համար հրավիրել են գյուղատնտեսությքան, բնապահպանության, առողջապահության, սննդի ոլորտի մասնագետների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների, որոնցից յուրաքանչյուրը հարցը կներկայացնի իր ոլորտի տեսանկյունից և ի վերջո կպատասխանի հարցին` գենետիկորեն ձևափոխված օրգանիզմները պարտադրա՞նք են, թե՞ այլընտրանք:

Պատգամավորն ընդգծեց, որ տեղյակ են, թե ինչպիսի թաքնված պայքար է ընթանում էկոսննդի պաշտպանների և գենետիկորեն ձևափոխված սննդամթերք արտադրող հսկաների միջև, հրապարակվում են տրամագծորեն իրար հակառակ պատվիրված տեսակետներ այդ սննդամթերքի առողջարարության և մարդու օրգանիզմի վրա դրանց ունեցած կործանարար հետևանքների մասին: «Մեր մտահոգությունը մեկն է` մեր, առանց այդ էլ դժվարություններով ապրող ազգաբնակչությանը պաշտպանել հերթական մարտահրավերներից»,- ընդգծեց Վարդևան Գրիգորյանը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում