AM | RU
USD
EUR
RUB

Վատիկանում Հայոց ցեղասպանության խնդրի հետ կապված անհաջողությունը թուրքական կողմը փորձում է լուծել քարոզչական կեղծիքի միջոցով. Վարդան Ոսկանյան

 
 

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ օրերս Վատիկան կատարած «պատմական» այցի կարևորության և իրական արդյունքների մասին Tert.am-ը զրուցել է արևելագետ Վարդան Ոսկանյանի հետ։

-Վերջին շրջանում կարելի է նկատել, որ Թուրքիան նախաձեռնողականություն է ցուցաբերում Արևմուտքի հետ հարաբերությունները կարգավորելու առումով։ Ձեր կարծիքով՝ ո՞րն է Էրդողանի՝ Վատիկան այցի նպատակը։

-Կասկածից վեր է, որ Եվրոպայի և ընդհանրապես Արևմուտքի հետ հարաբերությունների բարելավումը խիստ կարևոր է այդ երկրի իշխանությունների համար՝ ինչպես երկրի ներսում, այնպես էլ արտաքին և տարածաշրջանային քաղաքականության համատեքստում վերջին շրջանում առաջացած բավական լուրջ խնդիրների կարգավորման համար։ Այդ պատճառով էլ թուրքական իշխանությունները և հատկապես Ռեջեփ Թայիփ Էրդողանը դիմում են հաճախ անգամ ոչ ստանդարտ միջոցների՝ այդ թվում նաև քարոզչական մեխանիզմների կիրառմանը։

Վերոնշյալի համատեքստում Թուրքիայի նախագահն արդեն տևական ժամանակ է ամբողջ աշխարհին փորձում է ներկայանալ որպես բոլոր մահմեդականների առաջնորդ՝ յուրօրինակ «խալիֆ»՝ այդ մասին բացեիբաց չհայտարարելով, սակայն շատ հաճախ խոսելով մահմեդականների համընդհանուր շահերն իբր ներկայացնելու իր «հանձնառության» մասին։ Այդ առումով խիստ հատկանշական է ընդամենը 2 ամիս առաջ սրված Երուսաղեմի հիմնախնդրի հետ կապված Թուրքիայի նախագահի բավական ակտիվ գործունեությունը, և այս դեպքում ևս, ինչպես ինքը՝ Էրդողանն է սիրում կրկնել՝ նման «լիազորություն» իրեն իբրև թե վերապահվել է Իսլամական համագործակցության կազմակերպության և ամբողջ իսլամական աշխարհի կողմից, ինչը բնականաբար, մեղմ ասած, հեռու է իրականությունից։

Էրդողանի՝ Վատիկան այցը ևս արդեն թվարկված իրողությունների տրամաբանության մեջ է։ Նման կերպ Թուրքիայի նախագահը նախևառաջ փորձ է կատարել բարելավել առաջինը՝ Անկարայի և Վատիկանի բավական խնդրահարույց հարաբերությունները, որոնք ի դեպ, ավելի էին սրվել հատկապես 2015թ. ապրիլին Վատիկանում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված պատարագից հետո, նաև նշված հարցի հետ կապված Հռոմի Ֆրանցիսկոս Պապի հայտնի դիրքորոշման պատճառով։ Մյուս կողմից՝ թուրքական քարոզչությունը Էրդողանի՝ Վատիկան կատարած այցը փորձում է ներկայացնել որպես աշխարհի երկու կարևոր կրոնական համայնքների՝ մահմեդականների և կաթոլիկ քրիստոնյաների առաջնորդների հանդիպում։

- Այսինքն՝ Էրդողանը Վատիկանում փորձել է ներկայանալ որպես համայն իսլամական աշխարհի առաջնո՞րդ։

-Նման փորձ, ըստ էության եղել է, այլ է խնդիրը, թե որքանո՞վ է դա հաջողված եղել։ Վատիկան կատարած այցից հետո Էրդողանն այցի արդյունքներն ամփոփել է թուրքական խորհրդարանում իր ղեկավարած կուսակցության խմբակցության նիստին և նշել, որ ինքը՝ որպես Իսլամական համագործակցության կազմակերպությունը նախագահող Թուրքիայի ղեկավար, կաթոլիկ աշխարհի հոգևոր առաջնորդի հետ քննարկել է իսլամական աշխարհին հուզող կարևոր հարցեր։ Ընդհանրապես, Թուրքիայի նախագահի՝ Վատիկան կատարած այցի վերաբերյալ տարածված պաշտոնական տեղեկատվությունից, նաև թուրքական ԶԼՄ-ներում տարածված հենց Էրդողանի խոսքերից տպավորություն է ստեղծվում, որ նա Վատիկանում խոսել է ոչ այնքան Թուրքիա-Վատիկան հարաբերությունների կարգավորումից, որքան նպատակ է ունեցել Հռոմի Պապի հետ քննարկելու Երուսաղեմի շուրջ ստեղծված իրավիճակը։ Իհարկե, կարելի է նաև ենթադրել, որ Վատիկանում կայացած բանակցություններում Թուրքիայի նախագահին հաջողվել է ընդհանուր որոշ եզրեր գտնել միայն հենց Երուսաղեմի հարցում, ինչն էլ նկատելի ուռճացումներով ներկայացնում է թուրքական պաշտոնական քարոզչությունը։

-Այցի վերաբերյալ տարածված պաշտոնական հաղորդագրության մեջ նշվել է, որ կողմերը քննարկել են նաև Հայոց ցեղասպանության վերաբերյալ Վատիկանի դիրքորոշման հարցը։ Ի դեպ, այդ խնդիրը նաև քարոզչական նպատակով օգտագործվել է թուրքական և ադրբեջանական որոշ լրատվամիջոցների կողմից։ Ո՞րն է եղել թուրքական կողմի իրական նպատակը։

-Ես կասեի՝ պաշտոնական հաղորդագրության մեջ նշված բավական սեղմ տեղեկատվությունը թուրքական կողմն օգտագործել է առավելապես կեղծ և ակնհայտ ապատեղեկատվություն պարունակող քարոզչական նյութերի տարածման միջոցով նախևառաջ սեփական թիրախային լսարանի վրա ազդելու համար, իսկ ադրբեջանակականն էլ, ինչպես շատ հաճախ, այս հարցում ևս երկրորդ ջութակի դեր է կատարել։ Իրականում Թուրքիայի նախագահի պաշտոնական կայքում հրապարակված հաղորդագրության մեջ ընդամենը նշվել է, որ Էրդողանը Պապի հետ «հանդիպմանը հնարավորություն է ունեցել ևս մեկ անգամ ամենաբարձր մակարդակով արտահայտել «հայկական անհիմն պնդումների» հետ կապված զգայունությունը՝ ընդգծելով Ֆրանցիսկոս Պապի բավական ողջամիտ մոտեցումն այս հարցի շուրջ»։ Մինչդեռ մի քանի երրորդական կարևորության թուրքական լրատվամիջոցների կողմից տարածված տեղեկատվությունը, թե իբր «Ֆրանցիսկոս Պապը, այսպես կոչված «Հայոց ցեղասպանության» հարցում համերաշխ է Թուրքիայի հետ», ակնհայտորեն կեղծ է և որևէ ճշգրիտ աղբյուրի վրա հիմնված չէ։ Այս իրողությունը փաստորեն ուղղակի ցուցիչ է առ այն, որ Հայոց ցեղասպանության խնդրի հետ կապված Վատիկանում չհասնելով իրական արդյունքների՝ թուրքական կողմը դիմել է ապատեղեկատվության տարածման ամենապարզունակ եղանակին, ինչը բացահայտելը բոլորովին մեծ ջանքեր չի պահանջում։

-Իսկ ինչպիսի՞ պաշտոնական արձագանքներ են եղել Վատիկանից հանդիպման և դրա ընթացքում քննարկված խնդիրների՝ հատկապես Հայոց ցեղասպանության հարցի վերաբերյալ։ Հետաքրքիր կլիներ հասկանալ նաև Սուրբ Աթոռի դիրքորոշումները։

-Հարկ է նշել, որ Սուրբ Աթոռի պաշտոնական լրատվական հարթակ «Վատիկանի ռադիոն» Թուրքիայի նախագահի և Հռոմի Պապի հանդիպման վերաբերյալ տարածած հաղորդագրությունում Հայոց ցեղասպանության հարցի շոշափման առնչությամբ որևէ հիշատակում չի կատարել:

Այս հանգամանքը ևս չափազանց կարևոր ազդակ է առ այն, որ խնդրի վերաբերյալ ոչ միայն որևէ փոփոխություն չկա Վատիկանի դիրքորոշումներում, ինչը բնական է, այլ նաև, որ Սուրբ Աթոռը բոլորովին չի կարևորում թուրքական պնդումները՝ նույնիսկ եթե դրանք հնչեցված էլ լինեն Թուրքիայի առաջին դեմքի շուրթերով։

Այս համատեքստում ակնհայտ է, որ Հայաստանի և Վատիկանի միջև հատկապես վերջին շրջանում աննախընթաց համերաշխ կերպով զարգացող հարաբերությունները ամրակայված են թե՛ իրական քաղաքական գործողություններով, և թե՛ ինչը Վատիկանի պես հոգևոր կենտրոնների համար պակաս կարևոր չէ, նաև խորհրդանշական քայլերով․ ի վերջո ամեն օր չէ և ամեն պետության հասու չէ Սուրբ Աթոռի հետ ունենալ այնպիսի վստահելի և սերտ հարաբերություններ, որոնց տրամաբանական ամրապնդման արդյունքում կարելի կլիներ գրանցել այնպիսի հաջողություն, ինչպիսին կաթոլիկ աշխարհի հենց սրտում Գրիգոր Նարեկացուն տիեզերական վարդապետ հռչակելն էր։

Լրահոս
Մոսկվայում բացվելու է Այվազովսկու նկարների և Բուլգակովի ձեռագրերի ցուցահանդեսը Մարշալ Բաբաջանյան փողոցում ՃՏՊ-ից տուժածներ կան Ադրբեջանում ընդդիմադիր գործիչներ են ձերբակալվել Սիրիայում 40 խաղաղ բնակիչ է զոհվել Բերդավանցիների կողմից փակված Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհն արդեն բաց է. մարզպետ ԿԸՀ-ն երեք կուսակցության ժամանակ է տրամադրել փաստաթղթերը լրացնելու համար Բակո Սահակյանի Ֆրանսիա այցի կապակցությամբ Ադրբեջանը բողոքի նոտա է հղել Փարիզին Հայաստանում օդի ջերմաստիճանը 3-5 աստիճանով կնվազի Ստեփանծմինդա – Լարս ավտոճանապարհը փակ է Մասնագետն առաջարկում է Սևանա լճի խնդիրները լուծելու նպատակով կառուցել նոր թունել ՀԱԵ-ն չի կարող ողջունել եկեղեցու պառակտմանն ուղղված քայլերը Ադրբեջանը հրադադարի պահպանման ռեժիմը մեկ շաբաթում խախտել է ավելի քան 80 անգամ Կալիֆորնիայի պատմության ամենախոշոր հրդեհի հետևանքով ավելի քան հազար մարդ անհետ կորել է. լուսանկարներ «Գտնելով իմ Հայաստանը. մեկ դար ցեղասպանությունից հետո». Financial Times-ի խմբագրի հոդվածը հայրենիք այցի մասին Արգենտինայում հայտնաբերել են մեկ տարի առաջ անհետացած սուզանավը ՊԵԿ –ը մարզերում ապօրինի գործունեության դեպքեր է բացահայտել Էրդողանն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել Ողբերգական վթարի հետ կապված ՊՆ պաշտոնյաներ են ազատվել աշխատանքից Փաշինյանը պարզաբանումներ է պահանջելու Լուկաշենկոյից ու Նազարբաևից Արա Բաբլոյանը շնորհավորական ուղերձ է հղել Ուսանողների միջազգային օրվա առթիվ Ազգերի լիգայի լավագույն ռմբարկուն Յուրա Մովսիսյանն է Հայաստանի և Իսպանիայի թիմերը նույն ցուցանիշով գերազանցում են Ազգերի լիգայի մյուս հավաքականներին Բակո Սահակյանն աշխատանքային այցով ԱՄՆ-ում է ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են «Փաստ». Քաղծառայողներին աշխատանքից ազատման դիմումներ են գրել տալիս «Հրապարակ». Արտաքին ֆրոնտում սպասողական են «168 Ժամ». Անպատասխան ուղերձներ «Հրապարակ». «Նիկոլ՝ վարչապետ» նախընտրական կարգախոսը որոշվել է վերանայե՞լ «Ժամանակ». Գիշերային ակումբի սթրիփ բարի մենեջերը ՔՊ ցուցակում «Հրապարակ». Էդմոն Մարուքյանը ընտրապայքարում երկրորդ տեղի ակնկալիք ունի «Ժամանակ». ԲՀԿ քարոզարշավը կլինի դահլիճներում «Ժամանակ». ԲՀԿ ցուցակում բացակայում է նաև Գագիկ Ծառուկյանի մյուս փեսան ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Նոյեմբերի 17 Գերմանիան ու Ֆրանսիան համաձայնության են եկել եվրագոտու միասնական բյուջեի հարցում. Spiegel Յագլանդը մտահոգիչ է համարում Թուրքիայում ակադեմիկոսների ձերբակալման փաստը ՄԱԿ-ում անդամագրված են ԱՄՆ-ի նման երկրներ, որոնք կիրառում են մահապատիժ, բայց դա չի մտահոգում ՄԱԿ-ին «Գալաքսի» ընկերությունների խումբը մասնակցեց Կարիերայի և ձեռնարկատիրության տոնավաճառին Հայ-ռուսական գործընկերային հարաբերությունները հիմնված են փոխադարձ վստահության և հարգանքի վրա. Զոհրաբ Մնացականյան Իրանյան պատժամիջոցների քաղաքականության հարցերով ամերիկյան փորձագետներն այցելել է Հայաստան ՀՀ-ում գրանցվել է հանցավորության կտրուկ աճ. Արփինե Հովհաննսյան
Խմբագրի ընտրություն
Ամենաընթերցված
website by Sargssyan