Մադագասկարի արտգործնախարարը տպավորված է Հայաստան կատարած այցից

Մադագասկարի արտգործնախարարը տպավորված է Հայաստան կատարած այցից

Մադագասկարի արտգործնախարար Անրի Ռաբարի-Նձական, ով այս օրերին գտնվում է Հայաստանում, ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ համատեղ ասուլիսում խոսեց երկու երկրների միջեւ հետագա համագործակցության ընդլայնման մասին: Նրա խոսքով՝ դրա համար կա մեծ ներուժ:

«Հաճախ է խոսվում Մադագասկարի հյուրընկալության մասին, սակայն կարող եմ ասել, որ հայկական հյուրընկալությունն իսկապես առանձնահատուկ է: Այն ամենը, ինչ ապրեցինք այս վերջին օրերին, շատ տպավորիչ էր եւ որոշ պահերին նաեւ չափազանց հուզիչ: Կարող եմ ասել, որ սա միայն սկիզբն է, մեր շփումները պետք շարունակական լինեն թե Երեւանում, թե Անտանանարիվուում: Մադագասկարը եւ Հայաստանը այդ մեծ ընտանիքի՝ Ֆրանկոֆոնիայի անդամ են, մենք կիսում ենք կարեւոր արժեքներ եւ այս ընտանիքում մենք, անշուշտ, նաև պիտի պաշտպանենք մարդասիրության եւ եղբայրության արժեքները: Այն ամենը, ինչ կարեւոր է, ինչպես մարդու իրավունքները, հիմնարար ազատությունները, մի ժողովրդի հարգանքը մյուսի նկատմամբ, այս բոլոր արժեքները մենք միավորում ենք: Ես ապշած եմ, թե ինչքան ընդհանրություններ ունեն այս երկու ժողովուրդները»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Մադագասկարի արտգործնախարարը՝ ընդգծելով, որ երկկողմ հարաբերություններն առաջ մղելու համար կա համապատասխան կամք երկու կողմերից էլ:

Նա նշեց, որ ՀՀ արտգործնախարարի հետ հանդիպմանն անդրադարձել են մի շարք հարցերի, այդ թվում՝ նաեւ Մադագասկարի նախագահի առաջիկա պետական այցին Հայաստան:

«Կարծում եմ՝ այդ այցը մեծ պատիվ կլինի Մադագասկարի ժողովրդի համար: Մեր թիմերը այսօրվանից իսկ սկսելու են մշտական շփումները նախապատրաստելու այդ պետական այցը: Մենք հաջողություն ենք ակնկալում այս այցից»,-ասաց նա:

Անրի Ռաբարի-Նձական իր հիացմունքն արտահայտեց տնտեսական ոլորտում Հայաստանի գրանցած աճի կապակցությամբ՝ նշելով, որ Մադագասկարը դրանից միայն կարող է օգուտ քաղել:

«Անկախության հռչակումից 5 տարի հետո դուք արդեն երկնիշ տնտեսական աճ էիք արձանագրում»,-ասաց Մադագասկարի արտգործնախարարը՝ հավելելով, որ Մադագասկարը կարիք ունի Հայաստանի պես բարեկամ երկրի, որը բավականին փորձառու է մի շարք ոլորտներում:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում