ՀՀ Նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանը կհանդիպի ՕԵԿ ներկայացուցիչների հետ

ՀՀ Նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանը կհանդիպի ՕԵԿ ներկայացուցիչների հետ

Հայաստանում իշխող կոալիցիայի կողմից ՀՀ Նախագահի թեկնածու առաջադրված Արմեն Սարգսյանն առաջիկա օրերին կհանդիպի «Օրինաց երկիր» կուսակցության ներկայացուցիչների հետ: «Օրինաց երկիր» կուսակցության համագումարի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում այս մասին հայտնեց կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը` անդրադառնալով դիտարկմանը, թե Արմեն Սարգսյանը հանդիպել է խորհրդարանական և արտախորհրդարանական մի շարք քաղաքական ուժերի հետ, սակայն ՕԵԿ-ի հետ չի հանդիպել: «Արմեն Սարգսյանը դիմել է հանդիպման համար, ուղղակի երկուստեք հարմար չի եղել: Առաջիկա երկու օրերին անպայման կհանդիպենք»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց նա:

Հարցին, ինչպես է վերաբերվում ՀՀ նախագահի պաշտոնում նրա թեկնածությանը, Արթուր Բաղդասարյանն ընդգծեց, որ որպես մարդ շատ լավ է վերաբերվում նրան, քանի որ գրագետ և բարեկիրթ անձնավորություն է: «Որպես մտահոգություն ցանկանում եմ հնչեցնել, որ Արմեն Սարգսյանը վերջին 10-15 տարիներին Հայաստանի ներքին անցուդարձին ծանոթ չի եղել, չի ապրել մեր ժողովրդի դարդով, հոգսով, ցավով: Սա մի փոքրիկ մտահոգություն է, որ ես ունեմ: Սակայն ես ծանոթ եմ նրա հետ, նրան գիտեմ որպես բարեկիրթ, կրթված և փորձառու անձնավորություն: Կարող եմ միայն հաջողություն մաղթել նրան», – ասաց Բաղդասարյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում