Ապարանում և Արթիկում կիրականացվեն վերականգնվող էներգետիկայի խթանման ծրագրեր

Ապարանում և Արթիկում կիրականացվեն վերականգնվող էներգետիկայի խթանման ծրագրեր

«Էներգախնայողության աջակցման հիմնադրամ» և «Համայնքների Միություն» հասարակական կազմակերպությունների նախաձեռնությամբ ու Եվրամիության ֆինանսական աջակցությամբ Ապարան և Արթիկ քաղաքներում կիրականացվեն վերականգնվող էներգետիկայի խթանման ծրագրեր: Ինչպես տեղեկացրին Էներգախնայողության աջակցման հիմնադրամից, Ապարան համայնքում նախատեսվում է ստեղծել համայնքահեն, ինքնավար արևային էներգիայի արտադրության համակարգ, որը կաշխատի Հայաստանի էլեկտրացանցի հետ զուգահեռ ռեժիմում։ Համայնքի առաջարկով այն նախատեսվում է իրականացնել հանրային շենքում, որտեղ հնարավոր կլինի ապահովել էլեկտրաէներգիայի էական խնայողություն՝ համայնքի համար։

Արթիկում՝ նախատեսվում է կառուցել համակարգային արևային ֆոտովոլտային կայան՝ արտադրված էլեկտրաէներգիան Էլեկտրացանցին վաճառելու նպատակով։ Արթիկի արևային կայանի կառուցման համար կփորձարկվի «հանրային-մասնավոր» գործակցության մոտեցումը։

Ծրագիրը հաջողությամբ անցել է Եվրամիություն, «Քաղաքապետների դաշնագրի նախագծերի» EuropeAid/155713/DH/ACT/Multi դրամաշնորհային մրցույթը և կիրականացվի «Եվրամիությունը հանուն Հայաստանի կայուն էներգետիկայի» ծրագրի շրջանակներում:

Ծրագրի առանձնահատկությունն այն է, որ նախատեսվում է նաև ձևավորել Քաղաքապետների դաշնագրի նպատակներին ծառայող ԿՈՄՈ հիմնադրամ (COMO ֆոնդ), որտեղ կկուտակվեն ծրագրի արդյունքում ստացված խնայողություններն ու հետագա եկամուտները։ Ֆոնդը՝ շրջանառու մեխանիզմով կֆինանսավորի մասնակից համայնքներում էներգախնայողության և վերականգնվող էներգիայի այլ միջոցառումներ։ Ծրագիրն իրականացվելու է ԵՄ դրամաշնորհի և համայնքների կողմից համաֆինանսավորման միջոցների հաշվին՝ 80-20 տոկոս համամասնությամբ։

Ծրագրի գլխավոր նպատակն է բարձրացնել մասնակից համայնքների էներգետիկ անվտանգությունն ու կայունությունը, նվազեցնել այդ համայնքներում «ածխածնային ոտնահետքը» և կայուն էներգետիկ լուծումները օգտագործել՝ սահուն անցնելու դեպի «կանաչ քաղաքներ»:

Ծրագրի շրջանակներում իրականացվելու են հետազոտություններ՝ գնահատելու համար մասնակից համայնքներում ոլորտի վերաբերյալ իրազեկվածության մակարդակը և անձնակազմի կարողությունները: Իրականացվելու են նաև կայուն էներգետիկայի թեմայով համայնքի մասնակիցների իրազեկման աշխատանքներ:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում