Լեհաստանը կփորձի հնարավորինս արագ ժամկետում ապահովել ՀՀ քաղաքացիների ազատ մուտքը ԵՄ

Լեհաստանը կփորձի հնարավորինս արագ ժամկետում ապահովել ՀՀ քաղաքացիների ազատ մուտքը ԵՄ

Լեհաստանի Սենատի արտաքին հարաբերությունների և ԵՄ-ի հետ կապերի հարցերով հանձնաժողովի նախագահ Մարեկ Ռոցկին դժվարանում է ժամկետներ նշել, թե երբ կմեկնարկեն Հայաստանի քաղաքացիների համար ԵՄ վիզային ռեժիմի ազատականացման քաղաքական բանակցությունները, սակայն հավաստիացնում է, որ ամեն ինչ անելու են Եվրամիություն ՀՀ քաղաքացիների ազատ մուտքը հնարավորինս սեղմ ժամկետներում ապահովելու համար:

Մարեկ Ռոցկին նման հայտարարությամբ հանդես եկավ ՀՀ Ազգային ժողովում լրագրողների հետ հանդիպմանը: «Հստակ ժամկետներ չեմ կարող նշել, սակայն մենք պարտավորվել ենք սկսել քննարկել այդ հարցը մեր առաջնային օրակարգում: Կփորձենք հնարավորինս արագ ժամկետներում Հայաստանի քաղաքացիների ազատ մուտքն ապահովել Եվրոպական Միության տարածք»,- ասաց Ռոցկին:

Նա հավելեց, որ ՀՀ-ի համար ԵՄ վիզաների ազատականացման հարցը եղել է Հայաստանի Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի հետ համատեղ նիստի օրակարգի առաջնային հարցերից մեկը:

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը նշեց, որ նիստի ընթացքում լեհական պատվիրակության անդամները բարձրաձայնել են, որ Հայաստանը կարող է Լեհաստանը դիտարկել որպես ԵՄ-ում հայկական շահերի դեսպան:

Հետևեք մեզ նաև Telegram-ում