Հոգեբուժական հաստատություններում կիրառվում են օրենքով չնախատեսված զսպման միջոցներ

Հոգեբուժական հաստատություններում կիրառվում են օրենքով չնախատեսված զսպման միջոցներ

Հոգեբուժական հաստատություններում իրականացրած մշտադիտարկման արդյունքում պարզ է դարձել, որ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձնանց նկատմամբ օգտագործվում են օրենքով չնախատեսված զսպման միջոցների: Մարտի 21-ին լրագրողների հետ հանդիպմանը «Հոգեբուժական կազմակերպություններում հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց իրավունքների ապահովման վերաբերյալ» արտահերթ զեկույցի արդյունքները ներկայացրեց Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը:

«Որպես զսպման միջոցներ օրենսդրությամբ սահմանված են ընդամենը ֆիզիկական զսպում, դեղորայքային հանդարտեցում և մեկուսացման միջոցներ: Հոգեբուժական հաստատություններում կիրառվում են նաև մեխանիկական միջոցներ՝ որպես ֆիզիկական զսպում: Դրանց ցանկը նախատեսված է ՀՀ առողջապահության նախարարի հրամանով: Սակայն մեր իրականացրած աշխատանքների արդյունքում պարզվել է, որ տարբեր հոգեբուժական կազմակերպություններում օգտագործվում են այդ հրամանով չնախատեսված այլ միջոցներ: Այդ միջոցները նախ չեն կարող կիրառվել չնախատեսված լինելու պատճառով, բացի այդ, կիրառության դեպքում էլ լինում են սահմանված կարգի խախտումներ» ,-ասաց Թաթոյանն ու հավելեց, որ, օրինակ, «Նուբարաշեն» հոգեբուժական կենտրոնում կիրառվում են ռետինե լարաններ:

Բացի այդ ՝«Նուբարաշեն» հոգեբուժական կենտրոնում և Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատում հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց նկատմամբ որպես զսպման միջոցներ են օգտագործվում նաև սավանի կտորներ, ամուր գործվածքից պատրաստված գոտիներ, նաև սինթետիկ գործվածքից պատրաստված գոտիներ: Այդ միջոցների կիրառումը սահմանված չէ հրամանով: Թեև պրակտիկայում դրանք կարող են ունենալ արդյունավետություն, սակայն դրանք չունեն իրավական հիմք: « Եվ մեր կարծիքով՝ առանձին դեպքերում կարող են վտանգել պացիենտի առողջությունը: Պետք է բացառել օրենքով չնախատեսված այս միջոցների կիրառումը»,-նշեց ՄԻՊ-ը:

Մշտադիտարկման արդյունքում պարզ է դարձել, որ որոշ հոգեբուժական կազմակերպություններում ՝ Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատում, Գյումրու, Արմաշի համապատասխան կենտրոններում, «Նուբարաշեն» հոգեբուժական կենտրոնի որոշ բաժանմունքներում առկա չեն նաև ֆիզիկական զսպման համար նախատեսված առանձին սենյակներ: Ֆիզիկական զսպումը հիմնականում իրականացվում է հիվանդասենյակում՝ մյուս պացիենտների ներկայությամբ: Դրան երբեմն մասնակցում են նաև պահակային ծառայություն իրականցնող անվտանգության աշխատակիցները: Թաթոյանի գնահատմամբ՝ դա նույնպես անթույլատրելի է և հակասում է օրենսդրությանը:

2017-ին հոգեբուժական կազմակերպություններում իրականացվել են մշտադիտարկման այցեր, կատարվել են անհրաժեշտ ուսումնասիրություններ: Մշտադիտարկման այցերը կատարվել են Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման վարչության մասնագետների և կանխարգելման ազգային մեխանիզմի անկախ փորձագետների՝ իրավաբանների, սոցիոլոգների, հոգեբանների, բժիշկների և հոգեբույժների կողմից՝ միջազգայնորեն ընդունված ուղեցույցի համաձայն և հատուկ մեթոդաբանությամբ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում