Հայաստանն ու Միացյալ Նահանգները կարևորում են առևտրի և ներդրումների ոլորտում համագործակցության խորացումը

Հայաստանն ու Միացյալ Նահանգները կարևորում են առևտրի և ներդրումների ոլորտում համագործակցության խորացումը

Վաշինգտոնում Հայաստան-ԱՄՆ առևտրի և ներդրումների խորհրդի երկրորդ նիստի ժամանակ կողմերը ֆիքսել են, որ առևտրի և ներդրումների ոլորտում կարևորագույն խնդիրը առկա համագործակցության ակտիվացումն է: «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Հովհաննես Ազիզյանը: Նա նշեց, որ նիստի ընթացքում կողմերը քննարկել ու տարբեր պայմանավորվածություններ են ձեռք բերել առևտրի տեխնիկական խոչընդոտներին, մաքսային համագործակցությանը, սանիտարական և ֆիտոսանիտարական նորմերին, մտավոր սեփականության և աշխատանքային իրավունքներին, Արտոնությունների ընդհանրացված համակարգին (GSP) և ներդրումներին վերաբերող հարցերի շուրջ: «Ընդհանուր առմամբ` բավականին արդյունավետ քննարկում էր, և կողմերը նպատակաուղղված են իրականացնել հաջորդական քայլեր, որոնք կնպաստեն մեր երկկողմ առևտրի դիվերսիֆիկացմանը և ընդլայնմանը: Ձեռք բերված պայմանավորվածությունների հիման վրա միջոցառումների ծրագիր պիտի մշակենք, համատեղ լուրջ աշխատանք ունենք անելու»,-ասաց փոխնախարարը:

Պաշտոնյայի խոսքով` կողմերն արձանագրել են, որ 2017-ին առևտրի ոլորտում առաջընթաց է գրանցվել, սակայն դա բավարար չէ` հաշվի առնելով առկա ներուժը: Պայմանավորվել են իրականացնել գործող ընթացակարգերի վերաբերյալ տեղեկատվության փոխանակում, դյուրացնել և առավել հասանելի դարձնել փոխադարձ առևտրի կարգավորումները, որոնց միջոցով նաև Հայաստանի ներդրումային դաշտը կդառնա ավելի բարենպաստ ու կանխատեսելի ամերիկյան ներդրողների համար: «Նիստի ընթացքում ներկայացրել ենք առևտրի տեխնիկական կարգավորումների ոլորտում գործող ընթացակարգերը` պայմանավորված նաև Հայաստանի` ԵԱՏՄ անդամակցությամբ: Ներկայացրել ենք դրանց զարգացման միտումները, նույնն արել է նաև ամերիկյան կողմը: Պայմանավորվել ենք միմյանց առավել մանրամասն տեղեկացնել գործող կարգավորումների մասին և հասկանալ, թե որ ոլորտներում կարող ենք բիզնեսի համար առավել հասանելի ու հասկանալի դաշտ ստեղծել, ինչպես օրինակ, տեխնիկական կանոնակարգման և ստանդարտացման ոլորտում»,-նշեց փոխնախարարը:

Անասնաբուժական և ֆիտոսանիտարական կարգավորումների առնչությամբ ևս պայմանավորվել են ակտիվացնել համագործակցությունը պատասխանատու մարմինների միջև և հստակեցնել այն փաստաթղթերի շրջանակը, որն անհրաժեշտ կլինի, օրինակ, Հայաստանից արտահանողներին կամ ամերիկյան ներմուծող ընկերություններին սննդամթերքը ներկրելիս: «Ընդհանուր տեսակետն այն է, որ հնարավորինս տարբեր մեխանիզմներով` աջակցություն տրամադրենք մեր փոքր ու միջին բիզնեսին, որպեսզի առավել դյուրացված եղանակով իրականացնեն արտահանում, բացի այդ` նախօրոք տեղեկանան սպասվող փոփոխություններին»,-հավելեց պաշտոնյան: Հայկական կողմը առաջարկել է քննարկել անասնապահական սերտիֆիկատներ սահմանելու հարցը դեպի ԱՄՆ արտահանելիս, ինչի առիթով ամերիկյան կողմը հայտնել է հարցը քննարկելու պատրաստակամություն:

Հովհաննես Ազիզյանի դիտարկմամբ` Հայաստանից ԱՄՆ արտահանման տեսանկյունից կարևորագույն են գյուղատնտեսական թարմ արտադրանքն ու վերամշակված ապրանքները: «Պահանջարկ կա, օրինակ, պահածոների, թարմ գյուղատնտեսական ապրանքների, խմիչքների` գինի, կոնյակ, գծով: Եթե կարողանանք համատեղ իրականացնել այնպիսի աշխատանք, որ առկա ընթացակարգերն ավելի պարզեցվեն մեր արտահանողների համար, ապա ՓՄՁ-ների համար լրացուցիչ հնարավորություններ կստեղծվեն»,-հայտնեց փոխնախարարը:

Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել նաև մաքսային մարմինների համագործակցության շուրջ` տեղեկատվության փոխանակման միջոցով:

Ինչ վերաբերում է ներդրումային միջավայրի բարելավմանը, ապա քննարկվել են մտավոր սեփականության պաշտպանությանն առնչվող հարցեր, մասնավորապես, տարբեր գործիքների կիրառմամբ հենության մակարդակի իջեցման հնարավորությունները:

Հետևեք մեզ նաև Telegram-ում